Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի, Լոռու մարզի Պուշկինոյի և Սպիտակի թունելները կբերվեն ժամանակակից վիճակի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկլ Փաշինյանը` հավելելով, որ թեև դրանցում որոշ լուսավորման ու վերականգնման աշխատանքներ կատարվել են, բայց ընդհանուր տեսքը «միջնադարյան վիճակ» է հիշեցնում։

«Պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի, Ծովագյուղի ու Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի, ասենք՝ այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ» ես ընկնում, իսկ մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի», - նշեց Փաշինյանը։

Խոսելով ճանապարհաշինական ծրագրերից, վարչապետը հայտնեց, որ առիթ է ունեցել անցնելու Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Թալին–Լանջիկ ավարտված հատվածով ու գոհ է մնացել կատարված աշխատանքից։

«Կարծես թե մենք առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել։ Եվ ես նախարարին ասել եմ, որ եթե մի տարուց փոսեր չհայտնվեն այդ ճանապարհի վրա, ուրեմն մենք իսկապես նոր որակի ճանապարհ ենք ստացել»,–ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ թեև ճանապարհը դեռ ամբողջությամբ չի կահավորվել ճանապարհային նշաններով, բայց կարելի է արձանագրել, որ Հայաստանում երբեք այդ որակի ու ստանդարտի ճանապարհ չի եղել։

Համայնքային ճանապարհներից էլ վարչապետն առանձնացրեց Հրազդան– Բջնի ավտոճանապարհը` նշելով, որ համայնքային ճանապարհների ոլորտում ևս Հայաստանը նոր ստանդարտների է ձգտում։