Մյունխենի համաժողովը շատ բացասական հետեւանքներ կունենա մեզ համար. Արեւմուտքը, փաստորեն, տոտալ պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, դա շատ անպատասխանատու, անհեռատես հայտարարություններ են արվել այնտեղ:
Սթոլթենբերգն ասել է, որ մենք երկար տարիներ պայքարելու ենք Ռուսաստանի դեմ: Նուլանդն ասել է՝ մեզ պետք է Ռուսաստանի ռազմավարական պարտություն, որը ՌԴ-ն չի ընդունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Այս ծայրահեղ հայացքները շարունակում են արտահայտել, եւ աշխարհը արագ տեմպերով գնում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, որտեղ կա միջուկային էսկալացիայի հնարավորություն: Դուք մի քանի շաբաթ հետո դա կտեսնեք, 1-2 ամիս հետո լինելու է մեծ էսկալացիա, քանի որ տեղ են հասնելու բոլոր այն տանկերը որոնք խոստացել է Արեւմուտքը, հետո ինքնաթիռները: Այդ դեպքում Ռուսաստանը կամ պետք է ինչ-որ կանխարգելիչ հարված հասցնի, արագ ձեւով ինչ-որ հաջողության հասնի, նոր զինատեսակներ օգտագործի, որը կարող է գնալ մինչեւ միջուկային զենք: Արդեն խոսվում է քիմիական զենքի օգտագործման մասին, որը կարող է ոչ ճիշտ լինել, բայց կարող է պատրվակ ստեղծվել դրա համար:
Դա մեզ վրա անդրադառնալու է շատ բացասական, քանի որ որքան շարունակվի այս պատերազմը, այնքան Թուրքիան շահելու է դրանից: Ինչպես միշտ Արեւմուտքի ու Ռուսաստանի պատերազմից շահում է Թուրքիան, Թուրքիայի քաշը աճելու է, Թուրքիայից Ռուսաստանի կախվածությունը ավելի է մեծանալու: Այսինքն ճնշում է գործադրելու Ռուսաստանի վրա եւ մեր հաշվին զիջումներ է ստանալու: Դա մեզ համար բացասական է»,-ասաց նա:











