Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Բելառուսի Հանրապետության նախագահի հանդիպումն օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ, նշվել է Բելառուս Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի այցի վերաբերյալ տարածված հայտարարությունում։

Վրաստանի ԱԳՆ-ի գնահատմամբ, այդ գործողությունը «փորձ է՝ օրինականացնելու Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմը», տեղեկացրել է «Грузия Online»-ը։

«Հիշյալ գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ փորձ է՝ օրինականացնելու ռուսական օկուպացիոն ռեժիմը։

Բելառուսին կոչ ենք անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դադարել կատարել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ նորմերին»,- նշվել է հայտարարությունում։

Նախօրեին Ասլան Բժանիան մեկնել էր Բելառուս՝ բանակցելու երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։