Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ստեղծմամբ եւ իր աշխատանքով ապացուցեց, որ Հայկը երբեք չի պարտվի «ոսոխ Բելին»՝ չնայած այդպես ասվում է Արթուր Մեսչյանի երգում։ Երեւանում, այսօր` սեպտեմբերի 20-ին, Մատենադարանի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Արթուր Մեսչյանն այս կառույցով դարձավ 20-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն ներկայացուցիչ Մարկ Գրիգորյանի (Մատենադարանի հիմմնական շենքի ճարտարապետն է՝ խմբ.) արժանի ժառանգորդն ու յուրատեսակ գործընկերը՝ շարունակելով նրա գործը եւ հավատարիմ մնալով նրա ստեղծած շենքի ոգուն ու տրամաբանությանը։ Երանի այն հային, ով Մատենադարան է կառուցել»,- եզրափակեց Հայաստանի նախագահը։
Նշենք, որ հասարակության լայն շերտերին առավելապես որպես երգահան հայտնի Արթուր Մեսչյանը մասնագիտությամբ ճարտարապետ է եւ ինքն է հեղինակել Մատենադարանի նոր մասնաշենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը կայացավ այսօր՝ սեպտեմբերի 20-ին։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, բարձրաստիճան այլ հյուրեր։











