Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Ռոման Պողոսյանի գերեզմանը 44-օրյա պատերազմից հետո մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ռոման Պողոսյանի եղբայրը՝ Արման Պողոսյանը:
Ռոման Պողոսյանը Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղից էր, որը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցավ:
Ռոման Պողոսյանին 1998թ-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով շնորհվել է լեյտենանտ զինվորական կոչումը եւ նշանակվել է դասակի հրամանատար: 1999թ.-ին հետագա ծառայությունը շարունակելու նպատակով նա տեղափոխվել է այլ զորամաս եւ նշանակվել հրետանային դիվիզիոնում՝ որպես մարտկոցի ավագ սպա: 2000թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով շնորհվել է ավագ լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակվել՝ որպես մարտկոցի հրամանատար: Այնուհետեւ նա նշանակվել է հրետանու շտաբի պետ, միաժամանակ նա ստացել է մայոր զինվորական կոչումը, ավելի ուշ՝ դիվիզիոն հրամանատար: 2009թ.-ին Ռոման Պողոսյանը տեղափոխվել է այլ զորամաս՝ որպես հրետանային դիվիզիոն հրամանատար: 2011թ.-ին նա նշանակվել է որպես հրետանու բաժանմունքի պետ: Երկու տարի անց Ռոման Պողոսյանը սովորել եւ ոսկե մեդալով ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Միխայիլովի անվան ռազմական ակադեմիան: 2015թ.-ին ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվել է ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հրետանու բաժանմունքի պետ-հրետանու պետ:
«Մեկ տարի անց սկսվեց Ապրիլյան պատերազմը: Այդ օրը նա եղել է զորամասի պատասխանատուն, երբ արդեն տագնապ էր հայտարարվել: Երբ թշնամին հարձակվել է, նա իր հինգ սպաներով, իր ավտոմեքենայով շտապել է դիրքեր, որ հասնի 18-20 տարեկան զինծռայողներին, որոնք պայքարում են թշնամու հատուկ պատրաստված ջոկատայինների դեմ»,- պատմեց Արման Պողոսյանը:
Պողոսյանների ընտանիքը մինչեւ ապրիլի 10-ը որեւէ տեղեկություն չի ունեցել Ռոմանի մասին: Ապրիլի 10-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով զոհվածների մարմինների փոխանակում է կատարվել, պարզվել է, որ Ռոմանի մարմինը 18 զոհվածների մարմինների հետ հանձնվել է հայկական կողմին.
«Ապրիլի 12-ին՝ իր ծննդյան օրը տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը: Մեր պապական գերեզմանը եւ եղբորս գերեզմանը մնաց թշնամու վերահսկողության տակ: 3 տարի է՝ չենք կարողանում գնալ իր իսկական գերեզմանին եւ գոնե ծաղիկ խոնարել: Գալիս էինք Եռաբլուր, զոհված տղերքի շիրմաքարերին էինք ծաղիկ խոնարհում, դրանով փորձում էինք սփոփել մեզ: Մի քանի ամիս առաջ կարողացանք կանգնեցնել եղբորս գերեզմանաքարը, նրա որոշ մասունքները մնացին հայրենի գյուղում, սակայն այստեղ նույնպես բերել ենք նրա մասունքներից»:











