ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների նկատմամբ գործողությունները նոր չեն, դեռեւս 2018-ից է դա սկսվել. իհարկե, եղել են զինվորականներ, որոնք ունեցել են լուրջ գիտելիքներ, փորձ, անցած ուղի, որոնց նկատմամբ էլ այդ դրսեւորումները եղել են: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝  անդրադառնալով գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդմանը:

Նա ընդգծեց, որ այն զինվորականները, որոնք ի սկզբանե մտադրված էին անվտանգության համակարգում լինել եւ իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները եւ որոնց վրա իշխանությունները չկարողացան որեւէ խազ կամ կեղտ գտնել, ուղղակի հեռացրին. «Դա կլինի կալանք, կլինի ճնշման լծակներ գտնել, կլինի ինչ-որ ձեւով մեկուսացնել, նույնիսկ ահաբեկչություն կիրառել: Ցավոք սրտի այս պահին դիմկայելու կամ հակադարձելու ձեւեր դեռեւս չեն եղել»:

Տիրան Խաչատրյանը նկատեց, որ կարծես բոլորը դեմ են, դժգոհ են իշխանություններից, բայց երբ գալիս է կոնկրետ քայլ անելու ժամանակը, բոլորը հայտնվում են դիտորդի կամ թատերասերի կարգավիճակում, որոնք սիրում են դատողություններ անել կողքից:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործը։