Վերջերս դատարանի օրինական ուժի մեջ մտավ վճիռ, որով «Պատիվ ունեմ» խմբակցության նախընտրական շտաբի պետը դատապարտվեց ընտրակաշառք տալու համար. ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր, գինը ինչքան էր ընտրակաշառքի։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում, դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածությունը քննարկելիս։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:
Ի պատասխան Մամիջանյանն ասաց. «Քաղաքացիները գնացել և ընտրել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը իմանալով, լսելով, թե ինչ ձայն է գալիս Եռաբլուրում, հիշելով, որ մինչև ձեր աղետալի իշխանությունը, իրենք անվտանգ գնում էին մեր Արցախ: Սյունիք, Մեղրի գնալուց քաղաքացիներն ինձ չէին զանգում, հարցնում՝ տալո՞ւ ա մինչեւ շաբաթ-կիրակի, թե՞ հանգիստ կարող եմ գնալ: Մեր իշխանության ժամանակ ԱԱԾ-ն հեռախոսահամար չէր տալիս գերի ընկնելու հետ կապված: Այ դրա համար են մեզ քվեարկում:
Ինչ վերաբերում է դատական գործին, ես նույնսիկ մանրամասներին տեղյակ չեմ, , բայց ետղեկացնեմ, որ ենթադֆրյալ հանցագործության համար գոյություն ունի իրավական պատասխանատվություն, այլ ոչ խմբային ամբողջ քաղաքական թիմի համար»:
Վահագն Ալեքսանյանը հարցրեց նաև նախկինում եղած մենաշնորհների մասին. «Ըստ ձեզ, օրինակ 2017 թվականին Հայաստանում քանի տնտեսական մենաշնորհ է եղել մոտավորապես: Օրինակ ես, որ այդ թեմայից խոսում եմ առաջին բանը, որ մտքիս գալիս է՝ բանան: Կան շատ մարդիկ, որ կասեն նաև բենզին, դրա հետ էլ կհամաձայնվեմ, բայց հասկանալով, որ բենզինը ձեր մոտ ինչ ասոցիացիաներ կարող է առաջացնել՝ հաշվի առնելով հայտնի դատական գործը, դրա մասին չեմ խոսում: Հիմա ձեզ հայտնի՞ է՝ ձեր ներկայացրած թեկնածուն հանձնաժողովի կազմում ինչ գործունեություն է ծավալել կոնկրետ այդ մենաշնորհների հետ կապված»:
Մամիջանյանը նախ նկատեց, որ «հայտնի շինծու դատական գործը բենզինի հետ չի կապված, դիզելի հետ է կապված», ապա շարունակեց. «Երկրորդը՝ այդ հայտնի շինծու դատական գործը ՀՀ-ի վրա նստել էր մի քանի միլիոն, եթե չեմ սխալվում: Դա այն գումարն է, որը դուք ներել եք այն վկային, որ ինքը չանցնի ԴԱՀԿ-ով, դա նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունք տալու գումարն է»:
Անդրադառնալով մենաշնորհի հարցին, Մամիջանյանը նշեց, որ ինքը կրթությամբ տնտեսագետ չէ, բայց կարող է մի քանի փաստ արձանագրել. «Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում 2018 թվականից ցայսօր, բենզինի ներկրման չափաբաժինների մասով շատ քիչ փոփոխություններ է եղել, շաքարինը, եթե չեմ սխալվում առհասարակ չի փոխվել, նույնը վերաբերում է հացահատիկին: Բանանը ձեր իշխանափոխության սիմվոլն է, դուք ավելի լավ կիմանաք, այնպես որ, չլինելով տնտեսագետ, ես կհամարեմ, որ եթե չափաբաժինները մենաշնորհների չեն փոխվել, ապա մինչև այդ ձեր ասած ամեն ինչը իրականությանը չէր համապատասխանում»:
Արձագանքելով, Ալեքսանյանը նշեց, որ ինքն էլ տնտեսագետ չէ, բայց մենաշնորհի մասով լուրջ ճեղքվածներ կան. «Ինչքանով գիտեմ առնվազն մենաշնորհի մասով ճաքեր կան, ճաքեր էլ չէ, լուրջ ճեղքվածներ ձեր նշած բոլոր ոլորտներում: Էլ չեմ խոսում այն մասին, թե բանանի հետ կապված վերջերս ինչ պարզվեց ձեր կուսակցության մյուս նախկին պատգամավորի հետ կապված: Բանանի մեջ ինչ գտան, ըստ երևույթին ինքնարժեքի հետ կապ ուներ»:











