Ռուսաստանի հանար չափազանց կարեւոր է, որպեսզի առաջընթացը խաղաղության հարցում կապված լինի Ռուսաստանի հետ, որպեսզի Ռուսաստանը լինի միջնորդը եւ ճարտարապետը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ NEWS.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող  Սերգեյ Մարկեդոնովը։

«Վերահսկողությունն այս իմաստով կարեւոր է, կարեւոր է մի ինչ-որ նոր օրակարգ գտնելու փորձը, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ միայն հրաձգությունների մասին խոսեն, այլեւ ընթանա խոսակցություն տնտեսության, մի ինչ-որ բանի մասին, ինչը հակամարտության հետ ուղղակիորեն կապված չէ։ Մոսկվան փորձում է իրականացնել այդ նոու-հաուն։

Մայիսին բանակցություններ են վարվել արեւմտյան տարբեր մայրաքաղաքներում, բայց գոնե ինչ-որ որոշակիություն  կա Մոսկվայում, նկատի ունեմ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Մոսկվայի համար կարեւոր է դանդաղ առաջ գնալ, այնպես, որպեսզի երկու կողմերը Մոսկվան ընկալեն որպես փոխզիջման պատշաճ երաշխավոր։

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջնորդությունում ամեն ինչ չէ, որ նույնն է։ Դա վերաբերում է գործողությունների հերթագայությանը։ Վաշինգտոնը պնդում է ինչ-որ թղթի ստորագրումը։ Բայց արդյո՞ք թուղթը կիրագործվի։ Մեծ հարց է։ Այս իմաստով Մոսկվան ասում է. եկեք դա անենք կենդանի գործընթացով, իսկ թուղթը հետո, որպես ավարտ, որպես արդեն այն բանի ֆիքսում, ինչ արվել է գործնականում»,- պարզաբանել  փորձագետը։

Մարկեդոնովը նկատել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում «մենք գրեթե ամեն ինչ քննարկել ենք, մնացել են միայն մանրամասները» արտահայտությունը կրկնում են ոչ մեկ տասնամյակ։

«Շատերն էին կարծում, որ հենց որ հայ ղեկավարներն արտաբերեն բաղձալի Ղարաբաղ բառը եւ ասեն, որ դա Ադրբեջանի մասն է, ամեն բան հանկարծ կհանդարտվի եւ կստորագրվի մի ինչ-որ խաղաղության պայմանագիր, որն էլ ամեն ինչ կլուծի։ Բայց հակամարտությունը ոչ միայն Ղարաբաղի ու նրա կարգավիճակի խնդիրն է, դա սահմանազատման եւ սահմանագծման խնդիրն է վիճելի Ղարաբաղի սահմաններից դուրս, կա անկլավների խնդիրը, կա տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրը։

Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը փորձում ինչ-որ ճշտումներ մտցնել եռակողմ հայտարարությունում։ Հենց որովհետեւ դա հայտարարություն է, որովհետեւ համաձայնություն չէ։

Շատ փորձագետներ մեծ տերմինաբանական սխալ են գործում, բայց այն տանում է բովանդակային իմաստի աղավաղման։ Այդ հայտարարությունը, որը չի վավերացվել խորհրդարանում, պարտադիր գործառույթ չունի։ Դա ինչ-որ երաշխավորություններ են, որոնք գրանցել են իրավիճակը ղաաբաղյան երկրորդ պատերազմում զինված դիմակայության ավարտի պահին: Որոշակի ուղղումներ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմն արդեն ընթացքում մտցրել է»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ հայկական կողմը վախենում է միջանցք բառից։

«Բայց խոսքը մի ինչ-որ տրանսսահմանային տարածքի մասին չէ, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ։ Խոսքը ճանապարհի մասին է, որը կանցնի հայկական տարածքով։ Ինչո՞ւ է հայկական կողմը փորձում ուղեկցել դա մեկնաբանություններով։ Որովհետեւ արդեն հնչել են ցանկացած ղեկավարի, ցանկացած շարքային հայի համար բավական ծանր բառեր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Ադր. ԽՍՀ սահմաններում, Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։ Աստեղից էլ՝ դետալներն այնպես անելու փորձերը, որպեսզի դա որպես նոր պարտություն չթվա։

Ինչո՞ւ է այս գաղափարը (այն մասին, որ Հայաստանով անցնող ճանապարհը կվերահսկի միայն Հայաստանը- խմբ.) հնչել այժմ։ Որովհետեւ հայկական կողմը արդեն արտաբերել է նման շատ զգայուն բառեր։ Եվ զիջումների որեւէ քաղաքականության մասին առաջարկներն արդեն Հայաստանի ներսում ընկալվում են շատ ցավագին, մանավանդ թե՛ Փաշինյանը, թե՛ թիմը խոսել են այն մասին, որ պատրաստ են զիջումներ անել Ադրբեջանին տարածքային ամբողջականության առումով, բայց Հայաստանի տարածքային ամբողջականությունը սուրբ ու անձեռնմխելի է։

Յուրաքանչյուր քառակուսի մետր լինելու է քննարկման առարկա եւ բարդ փոխզիջումների առարկա, ինչը ծանրացնում է իրավիճակը։ Բանակցությունների ինտենսիվացումը տեղի է ունենում երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներով, երբ ուժի գործոնը հայտարարել է իր մասին։ Բաքուն նոր, լրացուցիչ հնարավորություններ է ստանում։ Երեւանում դրան այնքան էլ ուրախ չեն եւ պատրաստ են լրացուցիչ պատճառներ գտնել՝ անցանկալի լուծումները հետաձգելու համար»,- ամփոփել է քաղաքագետը։