Պաշտոնական գրություն եմ ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ-ին այն հիմնական շեշտադրումներով, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հատատությունները քաղաքական հաստատություններ չեն, մատնանշել եմ, որ չափազանց կարևոր է, որ երկու պետությունների այդ հաստատությունները ունենան պատշաճ հաղորդակցություն և փորձեն լուծել առաջացող հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Օմբուցմենի խոսքով՝ ադրբեջանական կողմից դեռևս արձագանք չեն ստացել․ «Բայց ես ինքս նաև փորձում եմ շարունակել հնարավոր ուղիներ փնտրել այս հարցի առնչությամբ ևս լուծումներ գտնելու համար»։

Խոսելով Արցախում հումանիտար ճգնաժամի մասին՝ ՄԻՊ-ը նշեց, որ իրավիճակը մտահոգիչ է․ «Արցախի հետ կապված ես արտահերթ զեկույց եմ հրապարակել, ինչպես նաև տարբեր ժամանակներում հրապարակումներ եմ ունեցել։ Միանշանակ է, որ իրավիճակը շատ մտահոգիչ է առաջին հերթին հումանիտար, մարդու իրավունքների տեսանկյունից՝ համադրված հայատյացության այն ամբողջ քաղաքականության համատեքստում, որն Ադրբեջանն իրականացնում է։

Սա միայն իրավական հարթակում լուծվող հարց չէ, իրավական, քաղաքական և այլ հարթակներ պետք է պատշաճ համադրվեն։ Բայց միանշանակ է, որ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկվեն, այդ թվում՝ պետք է լինի միջազգային հանրության պատշաճ արձագանքը»,- ասաց Մանասյանը։