Հանձինս Ֆրանսիայի` ունենք մի բարեկամ, որի հետ կարող ենք կիսել մեր ուրախությունները եւ մտահոգությունները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի հրապարակում, Օգյուստ Ռոդենի բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա իր խոսքում, ասել է.
«Ահա այսպես ենք ընդունում մեր լավ բարեկամին` իմ ընկերոջը` Ֆրանսիայի հարապետության նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին: Պարոն նախագահ, մենք ձեզ ողջունում ենք համայն հայության հայրենիքում` իր անկախ գոյության 20-ամյակը նոր-նոր բոլորած Հայաստանի հանրապետության մայրաքաղաքում: Ինձ համար իսկապես պատիվ է Ձեզ հետ միասին մասնակցելու մեր քաղաքի այս գեղեցիկ հատվածում ֆրանսիացի աշխարհահռչակ քանդակագործ` Օգյուստ Ռոդենի հիասքանչ քանդակի բացման արարողությանը: Հանճարեղ ֆրանսիացու հոյակերտ ստեղծագործություններից մեկը` նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժի արձանը այսուհետ բնակություն է հաստատելու այստեղ` Ֆրանսիայի հրապարակում:
Օգյուստ Ռոդենի եւ Նիկոլա Սարկոզիի այս վեհաշուք ընծան ընտիր խորհրդանշելու է հայ-ֆրանսիական հարատեւ եւ անկախ բարեկամությունը: Եթե հիմա նայենք մեր շուրջը, դժվար չէ նկատել, որ այս հրապարակը բոլոր կողմից շրջապատված է մեր ժողովրդի համար սիրելի եւ մեծարժեք ազգային խորհրդանիշներով` հայ կրթության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, Երեւանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքով եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանով, Երեւանի պետական կոնսերվատորիայի շենքով եւ հայ մեծագույն երգահան Կոմիտասի հուշարձանով, մյուս կողմից` հայ քանդակագործ նկարիչ Մարտիրոս Սարյանի, հինավուրց Երեւանի նոր օրերի արարիչ Թամանյանի եւ ամերիկահայ դասական Վիլյամ Սարոյանի հուշարձաններով: Մեզ համար այս կարեւոր հրապարակը` շրջապատված հայոց մեծերով, կոչել ենք մեր թանկ բարեկամի` Ֆրանսիայի անունով: Այս փաստը Ֆրանսիայի հանդեպ մեր ժողովրդի վերաբերմունքի եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների արժեքի եւ նշանակության լավագույն վկայությունն է:
Հայ-ֆրանսիական հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ խորհուրդ ունեն մի քանի պատճառներով: Առաջին եւ ամենակարեւորը, հայերը Հայաստանում եւ այլուր սիրում են Ֆրանսիան, համաշխարհային քաղաքակրթության մեջ անջնջելի հետք թողած ֆրանսիական հարուստ մշակույթն ու արժեհամակարգը հարազատ են հայ ժողովրդին եւ շատ սիրված նրա կողմից: Մեր ժողովրդին Ֆրանսիայի հետ կապում են պատմական սերտ առնչությունները, որոնք սկիզբ են առել դեռեւս վաղ միջնադարում եւ աստիճանական զարգացում են ապրել: Հայտնի է` Ֆրանսիայի եւ Հայաստանի թագավորների եւ ազնվական ընտանիքների միջեւ հաստատված սերտ կապերը, հատկապես` Կիլիկայի հայկական թագավորության շրջանում: Մեզ կապում է նաւե մոտ կես միլիոնի հասնող հայ-ֆրանսիական համայնքը: Տարբեր ժամանակներում Ֆրանսիայում հաստատված հայերը սերնդեսերունդ ապրել են այնտեղ, սիրել Ֆրանսիան, նվիրվել Ֆրանսիային, լիարժեք ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը եւ իրենց անուրանալի ներդրումն ունեցել Ֆրանսիայի զարգացման եւ բարգավաճման գործում, նրանք ֆրանսիացիների հետ կողք կողքի պայքարել են օտար զավթիչների դեմ` զոհվել հանուն Ֆրանսիայի ազատության: Սա դարձել է հայ եւ ֆրանսիական մշակույթների միաձույլ կրողը: Քիչ առաջ մենք ներկա գտնվեցինք մեծ ֆրանսիացու եւ մեծ հայի` Շառլ Ազնավուրի երեւանյան տան բացման արարողությանը, մեր ժողովուրդները կարող են հպարտանալ մեր մշակույթները կապող այնպիսի անուններով, ինչպիսիք է Անրի Թրուայան, Գարզուն, Միշել Լեգրանը, Անրի Վեռնոյը եւ այլոք: Պատմական, մշակութային եւ մեզ կապող քաղաքակրթական արժեքներն են հենց հանդիսացել այն հենասյունը, որի վրա կառուցվել եւ զարգացել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջպետական հարաբերություններ: Ֆրանսիան Հայաստանին ձեռք է մեկնել անկախության առաջին իսկ օրվանից, նեցուկ դարձել մեր երկրի համար ամենածանր պահերի: Հանձինս Ֆրանսիայի` մենք ունենք մի բարեկամ որի հետ կարող ենք կիսել մեր ուրախությունները եւ մտահոգությունները, որը եղել եւ մնում է մեր կողքին: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային եւ ֆրանսիացի ժողովրդին` Հայոց Ցեղասպանության հետեւանքներով հայրենազրկված հարյուր հազարավոր հայերի ապաստանելու համար, իրենց եսը վերագտնելու եւ վերստին ոտքի կանգնելու հնարավորությունների համար: Մենք շնորհակալ ենք անցյալ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած այդ մեծ աղետը իսկական անունով ցեղասպանություն կոչելու եւ այն օրենքի ուժով դատապարտելու համար: Մենք շնորհակալ ենք պարոն նախագահ երեկվա Ձեր խոսքերի համար, որ դուք արտասանեցիք Ցեղասպանության հուշահամալիրում: Դրանք հայ ժողովդրի հոգուց բխած եւ շատ ուժեղ խոսքեր էին: Մենք շնորհակալ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ բարեկամ Ֆրանսիայի եւ պարոն նախագահ` անձամբ Ձեր հետեւողական ջանքերի համար: Մենք շնորհակալ ենք Սպիտակի երկրաշարժի դժնդակ օրերին հայության կողքին լինելու համար, անկախության 20 տարիների ընթացքում ցուցաբերած եւ շարունակվող տնտեսական, մարդասիրական եւ այլ բազմաբնույթ օգնության եւ օժանդակության համար: Եւ վերջապես շնորհակալ ենք նաեւ Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին Հայաստանի ջանքերին Ֆրանսիայի իշխանությունների հաստատուն աջակցության համար:
Հարգելի հյուրեր եւ ներկաներ, մեր ժողովուրդներին կապող միացյալ պատմությունը, մեր ընդհանուր քաղաքակրթական արժեքները եւ մշակութային փոխներգրավվածությունը հավերժ է եւ մնայուն, ինչպես հավերժ, մնայուն են նաեւ Ռոդենի ստեղծագործությունները: Ռոդենը այն հանճարեղ արվեստագետն է, ով իր ձեռքի հպումով կենդանություն է տվել քարին ու մետաղին, շունչ ու շարժում հաղորդել` արտահայտելով մարդկային հոգու եւ մտքի թռիչքը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նման անգնահատելի արժեք Հայաստանին նվիրելու համար:
Մեծարգո պարոն նախագահ, իմ համոզմունքն է, որ Երեւանի սրտում այս հրաշագեղ ստեղծագործությունը հայերի բազմաթիվ սերունդների համար հանդիսանալու է հայ-ֆրանսիական բարեկամության հավերժության խորհրդանիշ: Կրկին շնորհակալություն այս չքնաղ նվերի համար: Աստված մեզ պահապան,Աստված պահպանի Ֆրանսիային եւ մեղղե հայ-ֆրանսիական բարեկամությունը»:











