Ծննդյան 70-ամյակը նշող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է երիտասարդ մնալ 70 տարեկանում. նույնիսկ այսպիսի պատկառելի «տարիքում» ընկերությունը շարունակում է կատարելագործվել, քանի որ կատարելագործումը ոչ թե արդյունքն է, այլ ձեռքբերումների երկար ճանապարհը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, ԶՊՄԿ-ի 70-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ ասաց «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում հուլիսի 14-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված մի քանի միջոցառումներ տեղի ունեցան՝ Քաջարանի արվեստի դպրոցի երաժշտական խմբերի սաների համերգ, Քաջարանի արվեստի դպրոցի խեցեգործության խմբակի ցուցադրություն, Կապանի երկրաբանական թանգարանի ցուցահանդես, բացօթյա գաստրո-տոնավաճառ, եւ, իհարկե, պաշտոնական մաս՝ ԶՊՄԿ-ի պատմության եռաչափ վիզուալիզացիայի ներկայացում, ընկերության 70 լավագույն աշխատակիցների մրցանակաբաշխություն և ընկերության ղեկավարության ու բարձրաստիճան հյուրերի ողջույնի խոսք։

Այս միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաք էին ժամանել տասնյակ հյուրեր, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱԺ պատգամավորներ, պետական, հասարակական գործիչներ, փորձագետներ։

DSC01503.JPG (6.44 MB)

Ձեռնարկության աշխատակիցների պարգեւատրումից առաջ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր ելույթում ասաց, թե հպարտ է, որ երկար ժամանակ ընկերությունը Հայաստանի և Սյունիքի կյանքի կարևոր մասն է, տնտեսության ողնաշարը, հայկական արդյունաբերության հպարտությունը։ Նա շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին՝ կոմբինատի հսկայական պրոֆեսիոնալ թիմին, որտեղ բոլորն իրենց զգում են մեկ մեծ և կարևոր բիզնեսի մասնակից։

«Գործընկերներ, սա ձեր բոլորի արժանիքն է, սա ձեր աշխատանքին, հմտությանը և պրոֆեսիոնալիզմին նվիրվածության յոթանասուն տարվա ավանդույթ է։ Որպես մարդ, որն ավելի քան 15 տարի աշխատում է Հայաստանում, կարող եմ այն համարել իմ երկրորդ տունը։ Ես հավասարապես սիրում եմ այս գեղեցիկ երկրի տարբեր շրջանները, բայց ուզում եմ խոստովանել, որ հատկապես հեշտ և բնական է սիրել երկրի ամենահանքարդյունաբերական մարզը՝ Սյունիքը, համենայնդեպս անձամբ ինձ համար, ով գրեթե ամբողջ մասնագիտական կյանքը աշխատել է արդյունաբերության ոլորտում։

Այս մարզը կրում է ոչ միայն Հայաստանի դարավոր պատմությունը, այլեւ արդյունաբերության, գիտության, Հայաստանի ու հայ ժողովրդի զարգացման պատմությունը։ Մետաղների արդյունահանումն ու վերամշակումն այս տարածաշրջանում հազարամյա պատմություն ունի, և այստեղ ցուցադրված Կապանի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները դրա վառ ապացույցն են»,- նշեց ձեռնարկության ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ արդյունաբերության ժամանակակից զարգացումը սկսվել է 1940 թվականին՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցմամբ։ 1949 թվականին կառուցվել է վերամշակման գործարան, 1952 թվականին գործարանն արտադրել է իր առաջին արտադրանքը և առաջին տարում վերամշակել 215 տոննա հանքաքար։ Այժմ գործարանը նման ծավալի հանքաքար մշակում է 3,5 օրում։

Ռոման Խուդոլին գործարանի պատմությունն անվանեց արտադրական ձեռքբերումների, աշխատուժի հմտության պատմություն՝ հիշեցնելով, որ 1966 թվականին ընկերության անձնակազմը արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն պետական պարգևին՝ Լենինի շքանշանին։

Գործարանի զարգացման հաջորդ հանգրվանը, ըստ Խուդոլինի, կապված էր գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և նրա թիմի հետ։

Նա ասաց, որ 2007-2014 թվականներին իրականացված արդյունաբերական հեղափոխությունը՝ բոլոր արտադրական գործընթացների տեխնոլոգիական արդիականացումը, հնարավորություն տվեց հանքաքարի արդյունահանման և վերամշակման նոր մակարդակների հասնել՝ 9 միլիոն տոննա վերամշակումից մինչև 20 միլիոն տոննա։

«Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց կայունացնել արտադրությունը, իրականացնել արդիականացման առաջին փուլը, արձանագրել տնտեսական աննախադեպ արդյունքներ: Անցած տարի պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 140 մլրդ դրամ և ավելի քան 5 մլրդ հատկացվել է սոցիալական և ենթակառուցվածքային ծրագրերին՝ ուղղված տարածաշրջանի զարգացման: Մենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բարձրացրել ենք ռազմավարական նոր մակարդակի՝ ստորագրելով սոցիալական ոլորտում համագործակցության հուշագրեր մարզային և քաղաքային իշխանությունների հետ։ Այս հուշագրերից վերջինը երեկ է ստորագրվել Քաջարանի հետ, որը ԶՊՄԿ-ի անմիջական տունն է։

Այժմ մենք միասին աշխատում ենք գործարանի նոր ռազմավարական զարգացման վրա, որի նպատակն է աստիճանաբար բարձրացնել արտադրողականությունը երկու և ավելի անգամ: Մեր բոլոր ձեռնարկումների առանցքում ամենաբարձր չափանիշներին համապատասխան ժամանակակից արտադրության ստեղծումն է, մարզի սոցիալական ոլորտի առաջանցիկ զարգացումը և Հայաստանի բյուջե հարկային մուտքերի զգալի ավելացումը։

Մեր ընկերության ղեկավարությունը հասկանում է, որ իր դերը շատ ավելին է, քան պարզապես աշխատանքի կազմակերպումը: Այս տեսակ խոշոր ընկերությունը պատասխանատու է հասարակության առաջ ավելի լավ ապագա ստեղծելու համար: Մենք դա գիտենք և ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ աշխատում ենք հենց սոցիալական բարելավումների ռազմավարական զարգացման ուղղությամբ։ Մենք ձգտում ենք, որ ԶՊՄԿ-ն դառնա օրինակ, թե ինչպես կարելի է երիտասարդ լինել 70 տարեկանում, որ կարող ես և պետք է միշտ ձգտես կատարելագործման, և այդ կատարելագործումը ձեռք բերված արդյունքը չէ, այլ ձեռքբերումների երկար ճանապարհը: Մենք ցանկանում ենք միասին անցնել այս ճանապարհով՝ ապահովելով նոր ձեռքբերումներ արդյունաբերության և Հայաստանի համար»,- ընդգծել է Խուդոլին։

Նա նաև նշեց, որ կառավարության հետ ռազմավարական ծրագիր է իրականացվում, ուստի կան շատ լուրջ մտադրություններ և վստահություն, որ որոշ ժամանակ անց գործարանը ոչ թե հանրապետական, այլ միջազգային նշանակություն կունենա։

Արդեն լրագրողների հետ զրույցում ընկերության ղեկավարը պարզաբանեց, որ պղնձաձուլարան կառուցելու համար անհրաժեշտ է մեծացնել առաջին հերթին ԶՊՄԿ-ն, ինչպես նաև Ագարակի կոմբինատը և այն ձեռնարկությունները, որոնք աշխատում են մոլիբդենի հետ։

«Սա առաջին փուլն է, և մենք գնում ենք դրան։ Երկրորդ փուլը կառավարության հետ համատեղ ռազմավարությունն է պղնձաձուլարանի կառուցման համար։ Մենք այժմ գտնվում ենք նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում: Դրա համար ընտրվել են միջազգային ընկերություններ, որոնք զբաղվում են դրանով։ Սա շատ լուրջ քայլ է, և մենք դրան վերաբերվում ենք չափազանց պրոֆեսիոնալ՝ միջազգային բոլոր չափանիշներով։ Սակայն ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։

Պոչամբարի խնդիրը այն ռազմավարություններից է, որը մենք իրականացնում ենք ԶՄՄԿ-ում։ Մասշտաբները մեծացնելը պարզապես վերամշակող գործարանի արտադրության ավելացումը չէ, դա նաև նոր սարքավորումներ են, որոնց մի մասը մենք արդեն գնել ենք անցյալ տարի։ Սա այն ամենն էր, ինչ վերաբերում է արտադրությանը և վերամշակող գործարանին, սակայն որպեսզի շարունակենք աշխատանքը, պետք է ընդլայնենք պոչամբարը, լրացուցիչ պոչամբար է հարկավոր։ Դա նաեւ նոր ջրամբարներ են, որոնց վրա այժմ լրացուցիչ աշխատանքներ ենք տանում։ Դա նոր էլեկտրակայան է, որը մենք կառուցում ենք։ Այս ամենը արտադրողականությունը բարձրացնելու մեկ համալիր է: Մեկն առանց մյուսի գոյություն չունի։

Մենք շատ տպավորիչ պաշարներ ունենք, բայց դրանով չենք սահմանափակվում, քանի որ հասկանում ենք, որ կարող ենք նույնիսկ կրկնապատկել այն հսկայական պաշարները, որ ունենք։ Մենք իսկապես եզակի վիճակում ենք պահուստների առումով, որոնք կարող են գոյատևել ավելի քան հարյուր տարի: Եթե հավելյալ ավելացում էլ անենք, ապա պահուստները շատ կարող են լինել։ Ագարակը նույնպես մեծ պաշարներ ունի, նույնիսկ առանց ուսումնասիրությունների կարելի է ասել՝ մինչև 60 տարի։ Մենք աշխատում ենք անվտանգության ամենաբարձր չափանիշներով: Սա մեր պարտականությունն է, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- վստահեցրեց ընկերության գործադիր տնօրենը։

DSC01486.JPG (8.47 MB)