Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 102-ի բակում հոկտեմբերի 7-ին իրականացվում էր ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքներ: NEWS.am-ի` դեպքի վայր այցելության ժամանակ այդտեղ եղած 8 ավտոտնակներից արդեն ապամոնտաժել էին 2-ը եւ մինչեւ օրվա վերջ պետք է ապամոնտաժեին բոլորը:
Ըստ շրջանառվող խոսակցությունների` այդտեղ պետք է բարձրահարկ էլիտար շենքեր կառուցեն: Մեր այցելության ժամանակ այնտեղ էր նաեւ ԾԻԳ-ի աշխատակիցը (համենայն դեպս նա այդպես ներկայացավ) եւ երբ հարցնում էինք, թե ովքեր են իրականացնում ապամոնտաժման աշխատանքները, բնակիչները ցույց տվեցին նրան: Նա հրաժարվեց որեւէ բան խոսել` նշելով, որ շտապում է եւ որ ամեն ինչ համաձայնեցված է բնակիչների հետ: Իսկ բնակիչներից ակադեմիկոս Արեգ Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իր ավտոտնակի համար, իսկապես, որեւէ փաստաթուղթ չունի, բայց այն 15 տարի է` օգտագործում է եւ դրա կառուցման համար ծախսել է ավելի քան 2000 դոլար, իսկ այժմ իրեն դրա դիմաց առաջարկում էին 100 հազար դրամ: Տարիներ շարունակ ցանկացել է այն օրինականացնել, սակայն մեծ գումարներ են պահանջել դրա համար:
Իսկ ապամոնտաժման մասին նրան տեղեկացրել են մեկ օր առաջ, չնայած ըստ ծանուցելու հայեցակարգային պայմանի` ավտոտնակների քանդման մասին սեփականատերերին պետք է տեղեկացնել 30 օր առաջ:
Հարցին, թե արդյոք քաղաքապետարանի ներկայացուցիչը որեւէ գրավոր փաստաթղթով հիմնավորե՞լ է իրենց գործողությունները, նա նշեց, որ այդպիսի փաստաթուղթ կա, սակայն ցույց չեն տվել իրենց: Ի դեպ, այս մասին հաղորդագրություն է տարածել նաեւ «Խոսքի իրավունք» միավորումը:
Նշենք, որ Նալբանդյան 106 հասցեում գտնվող, նախկինում ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի շուրջ 9.000 ք/մ տարածքը ցանկապատվել է, և սկսվել են շինարարական աշխատանքներ`վտանգելով բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը: «Ժառանգություն» խմբակցությունը պահանջել էր քրեական գործ հարուցել Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ, որոնց արձանագրել էին «Ժառանգության» պատգամավորները ՀՀ քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարների հետ նշված բակային տարածք ստուգայց կատարելուց հետո:











