ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Լիազորություններից զրկելու գործընթացը տեղի է ունեցել ապօրինի։  Ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից։ Ես ունեցել եմ անաշխատունակության թերթիկ, նախապես գրավոր տեղեկացրել եմ ԱԺ նախագահին ու պաշտոնակատարին՝  ակնկալելով, որ ինձ  վերաբերելի հարցի քննությունը կհետաձգվի, մինչև կկարողանամ ներկայանալ աշխատանքի։ Ինձ չեն լսել, քննարկել են հարցը, քվեարկել, ինձ զրկել լիազորություններից, ինչի համար դիմել եմ դատարան»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ անխուսափելիորեն իր լիազորությունները կվերականգնվի դատարանի միջոցով, քանի որ պարզ է՝  իր լսված լինելու իրավունքը խախտվել է։

«Աշխարհում չի կարող լինել դատարան, նույնիսկ Փաշինյանի ազդեցության տակ գտնվող,  որ չարձանագրի դա։ Եթե արձանագրեցին, հակառակ որոշում, կգնամ ընդհուպ մինչև Եվրադատարան, կհասնեմ ցանկալի արդյունքի, թույլ չեմ տա ինձ հետ տեղի ունենա ապօրինություն»,- ասաց Թ. Թովմասյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանին է ներկայացրել պատգամավոր Թագուհի Թովմասյանին Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին որոշման նախագիծ։ Թովմասյանին պաշտոնից զրկելու օգտին քվեարկեց 62, դեմ՝ 1 պատգամավոր, ինքը՝ պատգամավորը, նիստին ներկա չի եղել։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին իշխանական խմբակցության պատգամավոր Հովիկ Ագազարյանը հայտարարել էր Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մտադրության մասին այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանում ակցիա էր կազմակերպել՝ հայտարարելով, որ չի իջնի ամբիոնից: Նրա իջեցրել էին անվտանգության աշխատակիցները:

Իշխող խմբակցությունը դեմ էր դուրս եկել Թովմասյանին ընդդիմությունից օմբուդսմենի թեկնածության քննարկման ժամանակ իշխանական պատգամավորների մասնակցությամբ լեզվակռվից հետո: Դրանից հետո Թովմասյանին մեղադրեցին, որ նա ընդմիջում չի հայտարարել եւ օմբուդսմենի թեկնածու Էդգար Ղազարյանից ներողություն չի պահանջել, ով հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանում «ադրբեջանա-թուրքական հեղափոխություն» է տեղի ունեցել։