Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարներն այսօր` հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 դի:
Ավտոմեքենայում գտնվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:
Այս պահին անհայտ կորած է համարվում 3 մարդ. Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցն այցելել էր աղետին զոհ գնացած եղբայրների տուն եւ զրուցել նրանց քրոջ հետ:
Նշենք, որ Արմեն Սորսումատյանն ունի 3 անչափահաս երեխա` մեկ աղջիկ եւ երկու տղա: Մեխակը 7 երեխա ունի` 5 տղա եւ երկու աղջիկ, նրանցից երկուսն են չափահաս:
Ընտանիքն ապրում է շատ վատ սոցիալական պայմաններում, մի փոքրիկ տանն ապրում են երեք եղբայրներ` իրենց ընտանիքներով: 9 քառակուսի մետրի վրա` երկհարկանի անկողիններում, 10 երեխա է քնում` տարբեր տարիքի եւ սեռի: Հարազատները ոչ մի օգնություն չեն ստացել պետությունից, քրոջ խոսքով` «2 լիտր բենզին էլ չեն տվել, որ լցնեն մեքենաները ու գնան դեպքի վայր»:




























