Շուրջ մեկ ամսից ավելի Շահումյան 17 փողոցի 1–ին նրբանցքի բնակիչները զրկված են խմելու մաքուր ջրի կանոնավոր մատակարարումից. ջուրը հիմնականում միայն 2 ժամով են տալիս, այն էլ՝ գիշերվա 3-4-ին, իսկ ցերեկվա ժամերին ջուր կամ ընդհանրապես չկա, կամ հոսքն այնքան թույլ է, որ հնարավոր չէ կենցաղային կարիքները հոգալ, քանի որ այն չի բավարարում տաք ջրի միացման համար։

«Մեր մոտ այն տպավորությունն է, որ մենք վերադարձել ենք 90-ականներ, լուրջ եմ ասում․ 90-ականներին էինք այպես հավաքում ջուրը ու լողանում։ Հիմա ո՞ր դարում ենք»,-ասում է Շահումյան 17 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ Լուսինեն։

Նրա խոսքով՝ ինքը ջրի պատճառով աղիքային խնդիրներ ունի. «Արդեն մեկ ամիս է, պոլիկլինիկայում էլ թղթերը կան, դեղեր են նշանակել, օգտագործում եմ ու չի անցել ինֆեկցիան, բժիշկն ասաց, որ ջրից է, ջուրը ժանգով է գալիս։ Լվացքի մեքենաների մեջ ժանգ է մնում, դա սկզբում էր, մինչև կտրվելը, դե պատկերացրեք արդեն՝ ինչ վիճակ է այդ ջուրը հավաքելը»։

Շահումյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչներից մեկն էլ պատմում է՝ իրենք ընտանիքով արդեն մի քանի օր աղիքային խնդիրներ ունեն, վստահ են, որ ջրի պատճառով է։  «Այս հինգ օր է՝ մեր ընտանիքում բոլորը աղիքային հիվանդ են՝ փորացավ, լուծ,տաքություն»։

Բնակիչները բազմիցս ահազանգել են «Վեոլիա ջուր», որտեղից խոստացել են լուծել խնդիրը, սակայն մոտ մեկ ամիս հարցը չի լուծվում։ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապվել ոչ մի կերպ չհաջողվեց։ Երկար ժամանակ է, ինչ ընկերությունը չունի մամուլի խոսնակ, թեժ գծով զանգահարելիս էլ ընդհանրապես ոչ ոք չի պատասխանում։