Այսօր խնդիր ունենք մարզից ԲԴԽ անդամ ընտրելու. սա շատ էական է, որովհետեւ այս համամասնությունը անհիշելի ժամանակներից խախտվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը:

«Մասնավորապես, Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ԲԴԽ դատավոր-անդամները պետք է ունենան մեկ անդամ Վճռաբեկ դատարանից, մեկ անդամ Վերաքննիչ դատարանից, 3 անդամ առաջին ատյանից, ընդ որում, առաջին ատյանի դատարանից մեկ անդամը պետք է մարզից լինի: Եթե մենք մարզից չընտրենք, ապա այս այդ հոդվածը կշարունակի խախտված մնալ, ինչը բացասական հետեւանքների կբերի»,- ասաց Գեւորգ Գյոզալյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Դատական դեպարտամենտը ծանուցումն ուղարկել էր մարզի միայն Սնանկության դատավորներին, դատավորն արձագանքեց.

«Կարծում եմ, որ այդ ժամանակ Դատական դեպարտամենտը օրենքի խախտմամբ է ծանուցում ուղարկել եւ նա առնվազն պարտավոր էր այդ ժամանակ եւ դրանից ավելի վաղ ծանուցել մարզին, որովհետեւ մենք մարզից դատավոր չունենք»:

Անդրադառնալով ԲԴԽ անդամներին հետ կանչելու նախագծի մասին՝ Գյոզալյանն ասաց.

«Ինքս ուսումնասիրել եմ այդ նախագիծը: Բավականին խորը վերլուծություն եմ իրականացրել եւ դա համարում եմ խնդրահարույց, որովհետեւ եթե մենք այդ խողովակը բացենք, սահմանադրականության հետ կապված որոշակի խնդիրներ ենք ունենում դատավորի անկախության հետ կապված»:

Նշենք, որ նույն օրակարգով սա արդեն երկրորդ ժողովն է: Նախորդ նիստին օրակարգը չէր հաստատվել, քանի որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու չափանիշներին համապատախանում էին նաեւ այլ դատավորներ։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, քանի որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վերջինս այժմ Վերաքննիչ հակակոռւուպցիոն դատարանին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է։