Եթե սպառնալիքի նշույլ լիներ, չեմ կարծում, որ այդքան դատավոր դեմ քվեարկեր օրակարգին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը:
Նա նշեց, որ ինքը նախորդ ժողովին օրակարգին դեմ քվեարկած դատավորների շարքում է եղել.
«Հետո Դատական դեպարտամենտից օրակարգի վերաբերյալ ստացել ենք պարզաբանում, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական կարգավորումների վերլուծությունը, թե ինչու են մարզերի դատավորներին միայն ծանուցել ԲԴԽ անդամի ընտրության վերաբերյալ: Պարզաբանումը բավականին բովանդակալից էր: Այսօրվա իմ քվեարկության վերաբերյալ իմ դիրքորոշումը չեմ հայտնի, որովհետեւ հնարավոր է, որ ներսում նշված հարցի քննարկման վերաբերյալ այլ հարցեր առաջանան ինչպես իմ, այնպես էլ գործընկերներիս մոտ: Ճնշման խնդիր բացարձակապես չի եղել: Դատավորների պարտականությունն է ընդհանուր ժողովներին մասնակցելը, համապատասխան դիրքորոշում հայտնելը»:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու որոշում կայացնելու համար իր հասցեին հնչած քննադատություններին՝ դատավորն արձագանքեց.
«Կարծում եմ՝ քննադատությունները պետք է լինեն չափավոր ու օրենքի շրջանակներում, բայց ինձ համար անթույլարելի էր դատարանի կողմից կայացված դատական ակտը քննադատել այն տեսանկյունից, երբ դատական ակտի բովանդակության ու հիմնավորվածության վերաբերյալ որեւէ տեղեկությու չունեն»:
Չիչոյանը վստահեցրեց, որ եթե հակառակը լիներ, օրինակ, Աշոտ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որեւէ մեկն անցներ առեւանգման գործով՝ նա կկայացներ նույն որոշումը. «Եթե լինեին նույն փաստական տվյալներն ու նույն հանգամանքները, վստահաբար, նույն որոշումն էր կայացվելու։ Դատական ակտ կայացնելուց ոչ թե նայում ենք անձանց անուններին, այլ՝ փաստերն ու իրավիճակը»:
Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր վերաբերյալ բացասական եզրակացություն տալուն՝ դատավորը պարզաբանեց.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով կանխիկ պահվող գումարների մասով որոշակի սահմանափակում կա մինչեւ 1 միլիոն եւ ավելի դրամ կանխիկ գումար ունեցող պաշտոնատար անձինք, ապա դա համարվում է ռիսկային գումարի չափ: Իմ մոտ հայտարարագրված է որոշակի գումար՝ կանխիկ գումարի տեսքով, ընդ որում դա հայտարարագրված է 2017-ից երբ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ ներկայացրել եմ ամեն տարի հայտարարագիր: Նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախկինում որեւէ խնդիր չի տեսել նույն գումարի հետ կապված»:











