«Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Այս մասին նա այսօր՝ օգոստոսի 10-ին, ասաց լրագրողների հետ զրույցում։
«Նման քաղաքական պահանջ չկար, որ պետք է վայր դնեի մանդատս ավագանու ընտրություններին մասնակցելու համար, սակայն ես այդ քայլով դիմում եմ մեր ժողովրդին, որ ինձ համար ավագանու ընտրություններն էլ նշանակություն չունի։ Մենք ավագանու ընտրությունը դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխություն անելու հնարավորություն»,- ասաց նա։
Անդրանիկ Թեւանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության իր գործընկերներն իմացել են որոշման մասին եւ շատ նորմալ վերաբերվել։
Թեւանյանի խոսքով՝ իրենց քարոզարշավի գլխավոր կետերն են՝ իշխանափոխություն, անվտանգություն եւ արցախահայության ցեղասպանության կանխում։
«Եթե ընտրություններն անցկացվեին այլ պայմաններում, ես չէի մասնակցի։ Մենք մյուս ուժերից տարբերվում ենք, որովհետեւ հստակ հայտարարել ենք՝ իշխանափոխության նպատակ ենք դրել։ Երեւանի հետ կապված մենք էլ ծրագրեր ունենք, սակայն դրա համար սկզբում պետք է պայքարենք, որ Երեւանը չդառնա Էրիվան։ Խնդրեմ ես կարող եմ Նիկոլ Փաշինյանին բանավեճի էլ հրավիրել, բացատրել, որն ինքը ստախոս է հակապետական քաղաքականություն է իրականացնում եւ անելիք չունի Կառավարությունում»,- ասաց Թեւանյանը։











