Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ առաջին սոցիալական ծրագրին պաշտոնական մեկնարկ տալու համար երեկ՝ օգոստոսի 17-ին, Ապարանի Արագած գյուղ էր ժամանել Հայաստանում Ճապոնիայի լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին։

Ճապոնիայի կառավարության 34 մլն դրամի դրամաշնորհային ծրագրով Ապարանի Արագած, Քուչակ և Շենավան գյուղերում հիմնովին կվերանորոգեն ամբուլատորիաները, կկառուցվի դրանց ջեռուցման համակարգը։

Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի խոսքով՝ Ապարանի երեք գյուղերում առաջնային բուժօգնության օղակների շենքային պայմանների բարելավումը, ջեռուցման համակարգի ստեղծումը էականորեն կփոխի համայնքային կյանքի որակը․ մարդիկ ստիպված չեն լինի Երևան հասնել առաջին բուժօգնություն ստանալու համար։
«Երեք գյուղերից ամեն մեկը ևս չորս գյուղ է սպասարկելու, ուստի այդ երեք ամբուլատորիաները միասին վերցրած ի վիճակի կլինեն սպասարկել 13 բնակավայրի առնվազն 15 հազար բնակչի պետ․ պատվերով բուժօգնություն»,- նշեց համայնքապետը։
Համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը սկսվեց դեսպանի կողմից այցեքարտ դարձած «Հայի աչեր» ստեղծագործության կատարմամբ։

Պաշտոնական մասին հաջորդած իր ելույթում Ճապոնիայի դեսպանը հույս հայտնեց, որ այս ծրագրի արդյունավետ իրականացումից հետո կընդլայնեն համայնքի հետ համագործակցության շրջանակը։
Համայնքապետ Կարեն Եղիազարյանն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց որակով ավարտել գործակցության մեկնարկային փուլը եւ Ճապոնիայի համակործակցության նպատակով մշակել դրամաշնորհային նոր ծրագրեր Ապարանի զարգացման համար։

Ապարանի խոշորացված համայնքում ներկայումս շուրջ 300 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումային ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ տուրիզմի գոտու ստեղծման, ինչպես նաև համայնքային ու կառավարության ջանքերով իրականացվող սոցիալական տարատեսակ աշխատանքներ բոլոր՝ 22 բնակավայրերում՝ Ապարան քաղաքը ներառյալ։











