Օգոստոսի 29-ին «Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Քանաքեռում։

Այս քաղաքական ուժից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ դաշինքի ծրագրերն աջակցություն են գտնում բնակչության շրջանում։

«Մենք շարունակելու ենք ուղիղ կապի միջոցով բացատրել, թե ինչ է կատարվում մեր քաղաքացիների հետ և նրանց ոտքի հանել։

Իշխանության գալու առաջին օրվանից գործող ռեժիմը պառակտել ու շարունակում է պառակտելհասարակությանը, այդ թվում՝ Երեւանում՝ մարդկանց հավատացնելով, որ այն, ինչ կատարվում է, ասենք, Սյունիքում, չի վերաբերում երեւանցիներին։ Սակայն, պետք է հասկանալ, որ կորցնելով Արցախը՝ մենք կկորցնենք նաեւ Սյունիքը, հետո՝ Երեւանը»,- ասաց նա։

Անդրանիկ Թեւանյանը կրկնեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը հետամուտ է լինելու երկրում իշխանափոխության։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է պաշտոնանկ արվեն, որպեսզի կարողանանք սուբյեկտիվություն ունենալ և գոնե նվազագույն կերպով լուծել անվտանգության խնդիրը»,- շեշտեց քաղաքապետի թեկնածուն։

Նրա խոսքով՝ մարդկանց ամենաշատը մտահոգում են անվտանգության խնդիրները, սակայն կան նաև քաղաքային նշանակության խնդիրներ։ 

«Իշխանափոխությամբ այս խնդիրները նույնպես կլուծվեն»,- վստահ է նա։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իշխանությունները խաղաղության մասին խոսքերով ժողովրդին խաբելով՝ էլ ավելի լուրջ պատերազմ են մոտեցնում։ 

Նա մատնանշեց գրագետ ռազմաքաղաքական ղեկավարության ձևավորման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա դիմակայել աղետին։

«Երեկ Արցախից տղաների են առևանգել, վաղը նույնը կանեն Երևանում։

Իշխանությունները պատրաստ են նաև Երեւանը հանձնել թուրքերին։ Արդեն այսօր Երեւանում հազարավոր տներ են կառուցվում թուրքերի համար, քաղաքի բնակչությունը կավելացնեն առնվազն 600 հազար մարդով։

Բնական աճ և համապատասխան տնտեսական աճ չի արձանագրվել, որպեսզի հնարավոր լինի այս ծավալի շինարարական աշխատանքներ սկսել։ Սա նշանակում է, որ Բերձորի միջանցքը կանցնի Երեւանով, Երեւանն էլ է դատարկվելու։ Այս սցենարը կանխելու համար անհրաժեշտ է հասնել իշխանափոխության՝ Երևանում սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով»,- հավելեց քաղաքական գործիչը։