«Մայր Հայաստան» դաշինքն այսօր՝ օգոստոսի 31-ին, նախընտրական քարոզչություն է իրականացնում Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում։
Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ Արցախում արդեն հեռացվել է տեղական Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանը, եւ այժմ քաղաքացիները պետք է համանման փոփոխության հասնեն Հայաստանում, որպեսզի Հայաստանը փրկվելու շանս ունենա.
«Խորհրդանշական է, որ Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ այն տրամաբանությամբ, որ ժողովուրդը ճնշեց իշխանություններին եւ Արայիկ Հարությունյանը տեղի տվեց. նույնը այստեղ պետք է լինի:
Ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձեր քվեով իշխանափոխություն ապահովել Երեւանում, ապա՝ Հայաստանում: Ակտիվորեն մասնակցելով ընտրություններին՝ դուք կարող եք լիակատար փոփոխություններ բերել մայրաքաղաքի կառավարման, Հայաստանի անվտանգության, արցախայությանը տեր կանգնելու գործերում: Իշխանափոխությունը ոչ միայն անհրաժեշտ է անվտանգության ապահովման, այլ նաեւ տարբեր արատներից ազատվելու համար»:
Անդրանիկ Թեւանյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում կտրուկ աճել է թմրամոլությունը, ինչը, ըստ նրա, նույնքան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, որքան՝ թշնամիների հարձակումը.
«Իշխանափոխությունը հնարավորություն կտա մայրաքաղաքում եւ մեր երկրի ողջ տարածքում լրջորեն պայքարել թմրամոլության դեմ: Այն մեր երիտասարդությանը սպանում է ներսից, թշնամու հարձակումները մեր զինվորներին սպառնում են դրսից: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջ դնելը հնարավորություն կտա մեզ պայքարել այս բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ»:
Քարոզարշավի ընթացքում երեւանցիները բնակարանների պատուհաններից ողջունում են թեկնածուին, իրենց աջակցությունը հայտնում դաշինքին:
Թեւանյանը պարբերաբար մոտենում է քաղաքացիներին, լսում նրանց մտահոգությունները, ինչպես նաեւ ծանոթացնում նրանց դաշինքի ծրագրերը:











