«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր՝ օգոստոսի 31-ին, անցկացրեց  նախընտրական մեգանախագծերից մեկի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցման գաղափարի ներկայացումը։

«Ապրելու Երկիր» կուսակցությունը Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի վերականգնումը դիտարկում է որպես վերջինիս վերաիմաստավորում, և նախատեսում է կառույցը դարձնել Հայաստանում իր նմանը չունեցող բազմաֆունկցիոնալ համալիր։

«Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ ժամանակակից լուծումներով վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքն օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար:

Համալիրն ունենալու է արվեստի ցուցասրահ, հյուրանոց, ռեստորաններ, զվարճանքի, մեծ առևտրային կենտրոններ, ֆինանսական հաստատություններ, տրանսպորտային խոշոր հանգույց, որոնք  գործելու են 24 ժամ։ Այս հայեցակարգով մասնաշենքի շահագործումը թույլ կտա այն պահպանել մշտապես խնամված ու ապահով, իսկ որպես հուշարձան՝ այն կշարունակի հիացնել բոլորին։

«Երեւանցիները ամեն օր պայքարել են, որ Զվարթնոցը կանգուն մնա, սա լավ արձանագրում է այն առումով, որ մենք անտարբեր չենք Զվարթնոցի հանդեպ, բայց սա նաեւ արձանագրում է այն մասին, թե ինչու ենք մենք միշտ գնում քանդելու ճանապահով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր Երեւանն ընդունում է մոտ 3 միլիոն ուղեւորներ տարվա կտրվածքով, իսկ Զվարթնոցի վերակառուցումն ու վերակենդանացումը ընդլայնելու է այդ հնարավորությունը, կարող է հասցնել մինչեւ 12 միլիոնի: Սա նշանակում է տոմսերի գնի նվազեցում դեպի Հայաստան եւ Հայաստանից, իսկ սա նշանակում է զբոսաշրջութան, պետության զարգացում, ներդրումների ներհոսք»,- իր խոսքում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը: