«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ներկայացրել է Vision Zero հայեցակարգը, որը վերաբերում է ավտովթարներից եւ մահերից խուսափելուն:
Կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր խոսում նշեց. «Վիճակագրությունը, որ դրդել է մեզ այս խնդրով զբաղվել, շատ ցավալի է: Հայաստանում անցած տարի մոտավորապես 4300 ճանապարհային վթար է տեղի ունեցել, որից 321-ը՝ մահացու ելքով, դրա նախորդ տարին՝ 361-ը: Այսինքն Հայաստանում ամեն օր մարդ է զոհվում ավտովթարների հետեւանքով: Անտեսանելի պատերազմ է զուգահեռ ընթանումճանապարհների եւ Հայաստանի միջեւ: Այդ վիճակագրության 1/3-ը Երեւանում է, մինչեւ 100 մարդ:
Vision Zero-ն հենց նրա մասին է, թե ինչ պետք է անել, որ ՃՏՊ-ներից մարդիկ չմահանան եւ դա ձգտի զրոյի: Բազմաթիվ եվրոպական երկրներ սա ներդնելիս կիսով չափ բարելավել են իրավիճակը: Այն սկիզբ է առել Շվեդիայում եւ օրինակ, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այդ թիվը նվազել է 10-ի, տարեկան մինչեւ 10 մահացություն են ունենում, այն դեպքում, երբ Կոպենհագենում 300 հազարով ավելի շատ մարդ է ապրում, քան Երեւանում: Vision Zero-ն ճանապարհները դարձնելու է ապահովության այն աստիճանի, որ ճանապարհները մարդկային սխալների նկատմամբ լինեն փոքր ինչ ներողամիտ եւ կարողանան իրենց վերաբերմունքով օգֆնել մարդկանց, որ նրանք անվտանգ երթեւեկեն ճանապարհներին»,-ասաց Թանդիլյանը:
Vision Zero-ի մանրամասներ ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության հրավերով Երեւանում գտնվող ճանապարհային երթևեկության կարգավորման միջազգային հեղինակավոր 4E Road Safety & Transport Consultants ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Թավաբ Քազեմիին»: Նա ներկայացրեց Vision Zero հայեցակարգը, առավելությունները և մեր քաղաքում այն ներդնելու ու գործարկելու հեռանկարները։ Նա նշեց, որ այս ծրագիրը կյանքի կոչելու համար բավարար չէ միայն իշխանության ցանկությունը, պետք է լինի համ գործակցություն ոստիկանության, իշխանությունների, ճանապարհների կարգավորմամբ զբաղվող ընկերությունների, վարորդների եւ հետիոտների միջեւ:
Շվեդիայի տրանսպորտի նախարարության աշխատակից Քենեթ Սվենսոնը ներկայացրեց Շվեդիայում Vision Zero-ի մեթոդաբանությունը: Մասնավորապես, նա խոսեց ավտոմեքենաների կահավորման մասին, երբ մեքենան ինքը նկատում է խոչընդոտը եւ առանց վարորդի էլ սկսում նվազեցնել արագությունը: Կամ, օրինակ, լուսացույցով խաչմերուկները վերակառուցվում են շրջանաձեւ երթեւեկությամբ ճանապարհի, որի դեպքում բախումը դիմացի մեքենայի հետ ավելի թեթեւ կլինի: Նրա խոսքով, ճանապարհների ճիշտ կահավորումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացու վթարների թիվը:
Միջոցառման դեպքում հուշագիր ստորագրվեց Մանե Թանդիլյանի եւ Թավաբ Քազեմիի միջեւ:











