Ռուսաստանը վտանգում է կորցնել ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, բայց ես Մոսկվայի ակտիվ դիրքորոշման եւ գործողության հույս ունեմ։ Այս մասին սեպտեմբերի 12-ի քննարկման ժամանակ ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։
Ավելին, նրա կարծիքով՝ սա շուտով տեսանելի կդառնա, շուտով կսկսեն խոսել այն մասին, որ Անդրկովկասում տեղի է ունենում ռուսական ազդեցության վերածնունդ։ Վոյտոլովսկին կոչ է արել չխառնել հռետորաբանությունն ու փաստերը։ «Հռետորաբանության մակարդակում կան մարդիկ, ովքեր սիրում են խոսել այն մասին, որ Ռուսաստանը հեռանում է, Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը։ 102-րդ ռուսական ռազմակայանն ինչ-որ տեղ անհետացե՞լ է։ Ռուս սահմանապահները Հայաստանում շարունակում են պարեկումը եւ հերթապահությունը։ Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անցած տարի ավելացել է եւ շարունակում է ավելանալ այս տարի։ Անցած տարի՝ ավելի քան 5 մլրդ դոլար, այս տարի կլինի ավելի քան 7 մլրդ դոլար։ Սա վերաբերում է միայն ապրանքների առեւտրին, ընդ որում՝ Հայաստանի համար պրոֆիցիտով։ Ռուսական ներդրումները Հայաստանում ավելանում են եւ այլն»,- նշել է փորձագետը։
Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը չափազանց հետաքրքրված է խաղաղության եւ կայունության պահպանմամբ տարածաշրջանում, Մոսկվան ունի ազդեցության լծակներ ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի վրա։ «Եթե չլիներ Ռուսաստանի ազդեցությունը, ապա իրավիճակն անհամեմատ ավելի ծանր եւ կրիտիկական կլիներ Հայաստանի համար։ Լեռնային Ղարաբաղը՝ որպես չճանաչված պետություն, արդեն կդադարեր գոյություն ունենալ, եթե չլիներ Ռուսաստանի միջամտությունը 44-օրյա պատերազմում եւ չլիներ քաղաքական եւ դիվանագիտական ներգործությունը, որը Մոսկվան ցուցաբերեց, այդ թվում ադրբեջանական կողմի վրա՝ կանգնեցնելով ադրբեջանական զորքերի տեղաշարժը»,- ընդգծել է քաղաքագետը։
«Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունն» Ուկրաինայում փոքր-ինչ սահմանափակում է մանեւրների տարածքը զարգացման համար, բայց, ըստ նրա, Մոսկվան ավելի քան բավարար ուժային, քաղաքական եւ դիվանագիտական գործիքներ ունի։ «Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ երկխոսությունում Ռուսաստանն անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, քան Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն»,- վստահություն է հայտնել Վոյտոլովսկին։
Նա խորհուրդ է տվել ինտենսիֆիկացնել շփումները, առաջին հերթին՝ ոչ թե ՀԱՊԿ գծով, այլ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ մակարդակով։ «Պետք է ստուգել իրապես գոյություն ունեցող խնդիրները, վերջ տալ դատարկ, երկու կողմից անարդյունավետ հուզական հռետորաբանությանը, փոխադարձ մեղադրանքներին, նստել եւ նայել, թե իրադարձությունների զարգացման ինչ սցենարներ կարող են լինել, ինչ դրական, փոխզիջումային սցենարներ կարող են լինել, ինչ համատեղ գործողություններ կարող են լինել մի քանի շատ սուր հարցերի լուծման համար։ Դրանց թվում են հաղորդակցությունների, սահմանագծման եւ Արցախում հումանիտար իրավիճակի հարցերը։ Պետք է մտածել նաեւ հետագա քայլերի մասին, հաշվարկել սցենարները»,- ավելացրել է դիվանագետը։
Նա կոչ է արել այս ամենն անել շատ արագ, քանի որ իրավիճակը փոխվում է դինամիկորեն, եւ հայտնի չէ, թե ինչ կլինի 2-3 շաբաթ հետո, որքան կվատանա իրավիճակը։ «Ես կարծում եմ, որ այն չի բարելավվի»,- ամփոփել է քաղաքագետը։











