Հայաստանը երբեք չի բարձրացրել ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցը բարձրացրեց իշխող ուժի պատգամավոր Ռոման Համբարձումյանը՝ այն ձևակերպելով այնպես, թե «Հայաստանի ընդդիմությունն անհանգստացած է, որ կարող է մնալ առանց տիրոջ»։
Պատասխանելով հարցին՝ Փաշինյանը հայտնեց, որ 2018 թվականից ի վեր շփվում է ՌԴ նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, և Հայաստանի կողմից երբեք ու որևէ անգամ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացվել․ ընդհանրապես Հայաստանի որևէ ներկայացուցիչ նման հարց չի բարձրացրել։
Այնուհետև Փաշինյանը պատմեց, որ Բիշքեկից վերադառնալուց հետո տեսել է ՌԴ նախագահի հայտարարությունն այն մասին, թե «եթե Հայաստանն ուզում է, որ բազան դուրս բերվի, մենք դուրս կբերենք»։ «Հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցնում են, և ես ասում եմ, որ Հայաստանը երբեք չի բարձրացրել բազան դուրս բերելու հարցը, բայց եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել, Հայաստանը չի առարկի։ Որովհետև բազայի առկայությունը կենսական նշանակություն չունի ՀՀ-ի համար։ Եթե ՌԴ-ն ցանկանում է պահպանել բազան, մենք պատրաստ ենք քննարկել։ Ահա ամբողջ պատմությունը և հայտարարությունները․ ոչ ավել, ոչ պակաս», — հայտարարեց Փաշինյանը։




























