Արցախում խանութները դատարկ են, Շտապօգնության մեքենաները չունեն վառելիք, հղի կանանց շրջանում եռապատկվել են վիժումները, եւ BBC-ի հաղորդմամբ՝ այնտեղ մահերի մեկ երրորդն այժմ թերսնուցման հետեւանքով է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների մեկնարկին իր խոսքում նշեց հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:
«Արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` թույլ չտալով Հայաստանից մարդասիրական օգնություն անգամ հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում: Վերջին օրերին միայն մեկ բեռնատար է Աղդամից մուտք գործել Ղարաբաղ, մինչդեռ այնտեղի բնակչությունը 120 հազար է: Շրջափակումից առաջ օրական 120 բեռնատար էր մտնում ԼՂ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասում է, որ ինքն էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց նրա արածը հենց դա է»,-ասաց Մենենդեսը` հավելելով, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, եւ իրենք պետք է զգոն լինեն։
Նա հիշեցրեց Միջազգային քրեական դատարանի նախկի նախագահ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքը, որ սովի մատնելն անտեսանելի ցեղասպանական զենք է: «Այսպես շարունակվելու դեպքում ԼՂ հայերը կոչնչանան մի քանի շաբաթից, մի քանի շաբաթից: Մենք ունենք այդքան ժամանակ: Ի՞նչ է անում ԱՄՆ պետքարտուղարությունը, ինչ է անում Բայդենի վարչակազմը, ինչ է անում միջազգային հանրությունը: Ամենաբարձր մակարդակով մեր ուղերձը պետք է լինի՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել ԼՂ ժողովրդին եւ Հայաստանին սպառնալը, անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Մենք պետք է պաշտպան կանգնենք խաղաղությանը, անվտանգությանն ու մարդու իրավունքներին: ԱՄՆ-ն եւ Եվրոպան ունեն պատասխանատվություն»,-ասաց Մենենդեսը։
Մենենդեսը կարեւորեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, սակայն հավելեց, որ խոսակցությունն անարժեք է, եթե այդ խոսակցության մասնակիցներից մեկը էթնիկ զտումների արշավ է իրականացնում: Նա ընդգծեց, որ իր ունեցած բոլոր ռեսուրսները գործի կդնի պետքարտուղարությանը գործողությունների դրդելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում էին լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։











