Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ պետք է աներ Ռուսաստանն այս դեպքում։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«2022 թվականի աշնանը Պրահայում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հովանավորությամբ՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ, հավաքվել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
Իսկ այնտեղ ստորագրեցին հայտարարություն, գիտեք... Հայտարարություն, որից հետեւում է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։ Ավելին, Հայաստանի ղեկավարներն ուղղակիորեն քառակուսի կիլոմետրերով անվանեցին Ադրբեջանի տարածքը, որն անշուշտ ներառում է Ղարաբաղը, և ընդգծեցին, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունն Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում, որը ժամանակին ԽՍՀՄ կազմում էր։ Եվ ինչպես գիտեք, Ղարաբաղը նույնպես Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։
Այսինքն, ըստ էության, լուծվեց Ղարաբաղի կարգավիճակի հիմնական, բացարձակապես առանցքային հարցը։ Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը։ Ինչն, անկեղծ ասած, տարօրինակ է ինձ համար։ Սակայն, այդպիսի որոշում եղավ, նրանք չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը։ Բայց այստեղ՝ Պրահայում, ճանաչեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Իսկ հետո 2023-ի սկզբին նույն բանը կրկնեցին երկրորդ անգամ՝Բրյուսելում նմանատիպ հանդիպման ժամանակ… Ի դեպ, այս մասին մեզ ոչ ոք չի ասել։ Այս մասին ես անձամբ իմացել եմ մամուլից։ Ադրբեջանը միշտ Ղարաբաղը համարել է իր տարածքի մաս։ Բայց, սահմանելով Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, Հայաստանը որակական փոփոխություններ կատարեց իր դիրքորոշման մեջ։ Սրանից հետո հանդիպումներից մեկում նախագահ Ալիևը մոտեցավ ինձ և ասաց. «Տեսնում եք, բոլորն ընդունեցին, որ Ղարաբաղը մերն է։ Ձեր խաղաղապահներն այնտեղ մեր տարածքում են գտնվում»… Հասկանում եք, նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակը որակական փոփոխությունների ենթարկվեց Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում որոշելուց հետո։ Նա (Ալիևը – խմբ.) ասում է՝ ձեր զինվորականները մեր տարածքում են, եկեք որոշենք երկկողմանի հիմքով։ Դե, իսկ վարչապետ Փաշինյանը հաստատեց. «Այո, հիմա դուք պետք է երկկողմանի բանակցություններ վարեք»։ Այսինքն՝ Ղարաբաղը գնաց։ Ղարաբաղի կարգավիճակի մասին ինչ ասես կարելի է ասել։ Բայց սա Ղարաբաղի կարգավիճակի առանցքային հարցն էր, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում տասնամյակներ շարունակ՝ ինչպես, երբ, ով է որոշելու նրա կարգավիճակը։ Վե՛րջ։ Հայաստանը որոշեց դա՝ Ղարաբաղը պաշտոնապես անցավ Ադրբեջանի կազմ։ Սա ժամանակակից հայկական պետության դիրքորոշումն է։ Դե, իսկ մենք ի՞նչ անենք...
Այն ամենը, ինչ տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում, և Լաչինի միջանցքի արգելափակումը, և այլն: Այս ամենն անխուսափելի էր Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումից հետո։ Ժամանակի հարց էր՝ երբ և ինչ ձևով Ադրբեջանն այնտեղ սահմանադրական կարգ կհաստատի՝ իր սահմանադրության շրջանակներում։ Դե ի՞նչ կարող ես ասել։ Ուրիշ ինչպե՞ս արձագանքել սրան: Հայաստանը ճանաչեց, իսկ մենք ի՞նչ անենք, ասենք՝ ոչ, չենք ճանաչում, դե սա անհեթեթություն է... Ես այժմ չեմ պատմի, կարծում եմ, որ մեր քննարկումների նրբությունները հայտնելը ճիշտ չի լինի, բայց այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի և շաբաթների ընթացքում անխուսափելի հետևանքն էր Պրահայում և Բրյուսելում արվածի։ Ուստի պարոն Միշելը և նրա գործընկերները պետք է այն ժամանակ մտածեին, երբ, ըստ երևույթին, ստույգ չգիտեմ, համոզում էին Հայաստանի վարչապետին գնալ նման քայլի... պետք է բոլորը միասին մտածեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին, պետք է, լավ, գոնե ինչ-որ բան գրեին, թե ինչ է նրանց սպասվում այս իրավիճակում, ինչ-որ կարգ՝ Ղարաբաղի ինտեգրման համար Ադրբեջանին, ինչ-որ կարգ՝ անվտանգության ապահովման և իրենց իրավունքների հարգման համար... Բայց այնտեղ այդ ամենը չկա։ Կա միայն հայտարարություն, որ Ղարաբաղբ Ադրբեջանի կազմում է։ Վերջ։ Իսկ ի՞նչ անենք, եթե Հայաստանն ինքն այդպես է որոշել»։ – նշել է Պուտինը։











