«Արքայադուստր Վենչեն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 2013թ. Տիբեթի մայրաքաղաք Լհասայում։
Այս երաժշտական ներկայացումը կարեւոր զբոսաշրջային այցեքարտ է Տիբեթի չինական ինքնավար օկրուգում՝ Պոտալաի պալատի եւ Ջոկհանգ տաճարի հետ միասին։
Օպերան պատմում է արքայադուստր Վենչենի եւ Սոնգցան Գամպոյի սիրո մասին։ 641թ. Սոնգցան Գամպոն, որն այդ ժամանակ դարձել էր ամբողջ Տիբեթի կառավարիչը, որոշում է ամուսնանալ Թան դինաստիայի արքայադուստր Վենչենի հետ, որը եկել էր Չանյանյից (այժմ՝ Սիան), որպեզի ամուսնանա Տիբեթի թագավորի հետ։
Գամպոն Թան թագավորություն է ուղարկում նախարար Լու Դունզանին՝ որպես խնամախոս։ Թանի կառավարիչը փորձություններ է կազմակերպում տարբեր երկրներից եկածների համար եւ տալիս է հինգ հարց, որոնց ավելի արագ ու ճիշտ պատասխանում է Տիբեթի նախարարը։ Նա հաղթողի իրավունքով պալատի ավելի քան երեք հարյուր արքայադուստրերից ընտրում է Վենչենին։ Մյուզիքլի սյուժեում Լուն դիմում է մեղվի օգնությանը, որին ազատ էին արձակել զարդատուփից։ Մեղուն ճանաչում է Վենչենի արծաթե հերակալը։ Արքայադուստը Չանյանյից բերել էր ոսկեպատ Բուդդա Շակյամունիի արձանիկը, որը մատուցում է որպես հարսանեկան նվեր՝ մտադրվելով տարածել բուդդայական ուսմունքը Տիբեթում։
Վենչենն իր հետ բերել էր ոսկի, թանկարժեք իրեր եւ հիանալի կահույք, ինչպես նաեւ ընտրովի սերմեր, գյուղատնտեսական գործիքներ, մետաքս, ճենապակի, երաժշտական գործիքներ եւ բժշկական գրքեր։ Արքայադստեր ճամփորդությունը տեւել է երեք տարի։
Ներկայացումը ցնցում է իր ծավալներով։ Հսկայական դեկորացիաները բեմ են մտնում բաց երկնքի տակ, որը տեղավորված է բնական լանդշաֆտում։ Դերասանների հիասքանչ հագուստները, լուսային եւ ձայնային էֆեկտները ցնցող են։ Օպերան ավարտվում է Լհասա արքայադստեր հաղթանակած մուտքով, որտեղ տիբեթցիները Գամպոյի գլխավորությամբ նրան դիմավորում են հիացմունքով։
Օպերան եկամտի կարեւոր աղբյուր է դարձել մոտակա գյուղաբնակների համար, քանի որ մոտ հազար դերասանների ավելի 90 տոկոսը տեղի ֆերմերներն ու անասնապահներն են։
Մյուզիքլը սովորաբար բեմադրվում է զբոսաշրջային սեզոնին՝ ամեն տարվա ապրիլ-հոկտեմբերին։
Լհասայից՝ Պարույր Սինյավսկի











