Իսրայելի վրա վերջին հարձակումներից հետո մեր տարածաշրջանում գործընթացներն էլ ավելի կսրվեն, այդ թվում՝ Իրանի կողմից դրան ագրեսիվ հակազդեցության տեսանկյունից։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Սրանով էլ պայմանավորված է Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության մասին մշտական հայտարարությունները։ Չէ որ Իրանն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ Լեռնային Ղարաբաղում ապրեն նաև հայեր։ Սա խոսում է այն մասին, որ գործընթացները տարածաշրջանում չեն ավարտվել»,- ընդգծեց նա։
Կիվիրյանը նշեց, որ ինչպես Իրանը կամուրջներ է ստեղծել Իսրայելի շուրջ, այնպես էլ Թեհրանի հակառակորդները, օգտագործելով նույն մարտավարությունը, կամուրջ են ստեղծում Իրանի հյուսիսում։
Ադրբեջանը տասնամյակներ շարունակ օգտագործվել է Իրանի դեմ գործողությունների, հետախուզական տվյալների հավաքագրման համար, այժմ խոսքը խորքային գործընթացների մասին է, օրինակ՝ ռազմակայանների ստեղծման, կարծում է փորձագետը։
«Նախկինում ասվում էր, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում Իսրայելի աջակցությամբ ստեղծվելու են խելացի գյուղեր, որոնք, օրինակ, կարող են ռադիոէլեկտրոնային պատերազմի հենակետեր դառնալ»,- հավելեց վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական խնդիրն Իրանի համար ունի էկզիստենցիալ նշանակություն, դա քաղաքակրթական խնդիր է։
«Հատկանշական է, որ Ադրբեջանում բարձրագույն ռազմական պարգևը կոչվում է Շահ Իսմայիլի շքանշան՝ ի պատիվ Սեֆյան դինաստիայի հիմնադրի։ Այսպիսով՝ Ադրբեջանը փորձում է մարտահրավեր նետել Իրանի ժառանգությանը։ Ռուսաստանն ու Ուկրաինան նույնն են անում՝ վիճարկելով Ռուսաստանի ժառանգությունը։
Ընդ որում, Իրանն Ադրբեջանի բնակչությանը դիտարկում է որպես սեփական ժողովուրդ, որը, ինչպես նշում է Թեհրանը, հայտնվել է սիոնիստների վատ ազդեցության տակ։ Այս բոլոր խնդիրները վաղ թե ուշ ավելի են սրվելու»,- եզրափակեց Կիվիրյանը։











