ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները միշտ ուղղված են եղել պահովելու բարեփոխումներ, մարդու իրավունքներ, երկրի տրանսֆորմացիան, դրան էր ուղղված մեր CEPA պայմանագիրը, որն իրականում ասոցացման պայմանագրի ավելի թեթեւացված տարբերակն էր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօերին Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ պատրաստ են հարաբերությունները սերտացնել այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:
«ԵՄ-ն մնում է Հայաստանի բարեփոխման տեսանկյունից կարեւորագույն գործընկերը: Այս ուղերձը միայն հստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել, ընդլայնել մեր հարաբերությունները ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանում արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթը որակել են սադրիչ՝ նշելով, որ նա բռնել է Զելենսկու ճանապարհը, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, մանավանդ, որ այն անանուն է, հետեւաբար ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց: Դուք լսել եք ելույթը եւ ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների համատեքստում որեւէ սենսացիոն նորություն չկար»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հայաթափման համար մեղադրեց Ռուսաստանին՝ նշելով, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնել, Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Այստեղ եւս ոչ մի սենսացիոն հայտարարություն չի արվել, այնտեղ չէր նշվել կոնկրետ երկիր, ասվել էր միայն, որ կա հիասթափություն մեր դաշնակիցներից: Չէր նշված՝ որ դաշնակցի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա այստեղ մեր հիասթափությունը մի շարք գործողություններից բազմիցս արտահայտվել է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Նա հայտարարեց, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։











