Մեր ժողովուրդը, տնային տնտեսուհիները առավոտից երեկո քննարկում են, թե Հայաստան ինչ զենք մտավ, որ երկրից մտավ, որտեղ փորձարկեցին. Ի դեպ, ՊՆ-ի մեր համապատասխան կառույցների կողմից ձեռք բերված սպառազինությունը փորձարկումներ է անցնում եւ այդ փորձարկումները շատ գոհացուցիչ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Երկրների ցանկը այնպիսին է, ինչպիսինք քննարկվում է, գուցե մի քիչ ավել կամ պակաս: Կարեւորը դա չի, այլ այն, որ այդ աշխատանքները հաջողում են»,-ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանից զենք ստանալուն, Քոչարյանն ասաց, որ գումարը ՌԴ-ին տրվել է զենք ունենալու համար ու հիմա Հայաստանը սպասում է ՌԴ-ից զենքի մատակարարմանը:
Հարցին` կա՞ն արդյոք հստակ ժամկետներ` նա պատասխանեց. «Ցանկացած պայմանագիր նախատեսում է և՛ ժամկետներ, և՛ այդ ժամկետների խախտման դեպքում պատժամիջոցներ»:
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի սահմանների բնագծերում բավական մեծ աշխատանք է կատարվել եւ եթե 44-օրյա պատերազմում նման տեսքով բնագծեր ունենայինք, արդյունքն այսպիսին չէր լինի:
«Իհարկե, հակաօդային պաշտպանությունը մեր առաջնային լուծվելիք խնդիրների տիրույթում են, բայց նաեւ պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրան հակազդելու, այլ պաշտպանված լինելու մասին: Հիմա օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի զինվորը: Հիմա դուք ուզում եք՝ ասեմ, որ պաշտպանվածությունը այն մակարդակի է, որը ցանկալի՞ն է»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:











