Դավաճանը նրանք են, որոնք թալանել են, ոչ մի կոպեկ էս երկրին բյուջեին գումար չեն տվել, գնացել են Հայաստանի հասցեին վատ բաներ են խոսել, 30 տարի հետաձգել են Ղարաբաղյան խնդիրը, ուղղակի մի բանի համար, որ մի քիչ իրենց կենցաղը լավացնեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով իրեն քննադատողներին, իր հետ Երևանի փողոցում տեղի ունեցած միջադեպին։

«Էդ փողոցային չնթռլոները, ոչնչությունները, որ իմ կոշիկի տակը մի միլիոն անգամ էս երկրին ավելի շատ օգուտ է տալիս, քան այդ ոչնչությունները, որ փողոցում վիրավորում են։ Ես ավելի քաղաքակիրթ գտնվեցի, կին էր, չվիրավորեցի, չհայհոյեցի տղամարդու պես, իր ամուսնուն չհայոյեցի։ Եթե Հայաստանում մի հատ չնթռլո, այլ երկրի քաղաքացի, մեկ այլ քաղաքացու կվիրավորի, իմացեք, որ ամենավատ ձևով պատասխան է տալու»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը «թուրք բառից չի վիրավորվում», Սուքիասյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ Փաշինյանն այլ ենթատեքստի առումով է ասել»։

Անդրադառնալով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելուն և բողոքի նոտա հղելուն՝ Սուքիասյանն ասաց․

«Մեր ռազմավարական գործընկերների հետ հնարավոր է, որ որոշակի լարվածություն առաջանա, որոշակի անճշտություններ լինեն կամ ընկալումներն այլ լինեն, բայց դրանք կագավորվող են։ Եթե մենք վերցնում ենք ամբողջ 30 տարվա պատմությունը, այդպիսի երևույթներ եղել են, այդպիսի հարաբերություններ եղել են, հետո ընթացքում կագավորվել են։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկին թշնամի չի դիտում, ուզում է բարեկամական հարաբերություն ունենա, առավել ևս իր ռազմավարական գործընկերոջ հետ»։