Ինձ մի հարց է հուզում՝ Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկում որոշակի գործառույթ իրականացվեց, որը հանրայինի առաջին ալիքով ցույց տվեցին. գնացին բենզալցակայանը պլոմբեցին, սիրուն լենտերով փաթաթեցին, հետո հաջորդ օրվանից այդ նույն բենզալցակայանը սկսեց աշխատել: Այս մասին այօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հետաքրքրվեց, թե ով ունի այդ հարցի պատասխանը:
Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը հայտնեց, որ համայնքի կողմից այդ ինքնակամ շինության ապամոնտաժումը հնարավոր չի եղել, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել և արգելվել է քանդելը մինչև դատական գործի ավարտը, բայց տեղեկություն չունի, թե բենզալցակայանը գործունեությունը վերսկսել է, թե ոչ:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ, ինքը նկատել է, որ այդ բենզալցակայանն աշխատում է. «Անկախ քանդման հանգամանքից, տեսչական մարմնի գործընկերների հետ պետք է քննարկվի կապարակնիքն ինքնակամ վերացման պատասխանատվության հարցը: Բենզալցակայանը պետք է քանդվի, բայց եթե այս պահին հնարավոր չէ, կապարակնիքն ինքնակամ հեռացնելու համար պետք է համապատասխան պատասխանատվություն նախատեսվի»,-հայտարարեց փոխքաղաքապետը:
«Պրակտիկ խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհին հայտարարում ենք, որ էս մի բենզալցակայանը կապարակնքվել է և այլևս չի աշխատելու՝ հաջորդ օրվանից իրենք սիրուն այդ կապարները հանում են ու սկսում են բենզին լցնել այդ բենզալցակայանում»,-արձագանքեց Ավինյանը:
Նա հայտարարեց, որ տեսչական մարմնին պետք է խնդրեն միջոցներ կիրառել:
«Անլուրջ ա հեռուստատեսությամբ տարածել մի տեղեկատվություն, որ ինչ-որ մի գործողություն ես արել, հետո՝ հաջորդ օրը պարզվում է, որ ոչ մի բան էլ չես արել»,-հայտարարեց քաղաքապետը:











