Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեմ կլինի Պաղեստինի վարչակազմի վերադարձին Գազա՝ այնտեղ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմից հետո, գրում է Times of Israel-ը։

Այս դիրքորոշումը ուղղակիորեն հակասում է ԱՄՆ քաղաքականությանը, քանի որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի ասել էր, որ Գազայի հատվածում  պետք է լինի «պաղեստինական կառավարում, Գազան պետք է միավորվի Արևմտյան ափի հետ Պաղեստինի վարչակազմի իշխանության ներքո»:

Սրա վերաբերյալ հարցին պատասխանելով՝  Նաթանյահուն նախ կրկնել  է, որ պատերազմից հետո Իսրայելը կպահպանի «անվտանգության ընդհանուր վերահսկողությունը, ներառյալ ամեն անգամ ներխուժելու հնարավորությունը, երբ  ցանկանանք՝  ահաբեկիչներին ոչնչացնելու համար, որոնք կարող են նորից հայտնվել»:

«Ես ձեզ կասեմ, թե ինչ չի լինի: ՀԱՄԱՍ չի լինի. Չի լինի նաև քաղաքացիական իշխանություն, որն իր երեխաներին սովորեցնում է ատել Իսրայելը, սպանել իսրայելցիներին և վերացնել Իսրայել պետությունը: Չի կարող լինել կառավարություն, որը վարձատրում է մարդասպանների ընտանիքներին՝ ելնելով նրանց սպանած մարդկանց թվից։ Չի կարող լինել մի կառավարություն, որի առաջնորդը  30 օր անց էլ դեռևս չի դատապարտել սարսափելի կոտորածը (հոկտեմբերի 7-ի): Դա չի կարող լինել»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ նկատի ունենալով Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին։

«Այնտեղ ինչ-որ բան էլ պետք է լինի։ Բայց ամեն դեպքում մենք պետք է անվտանգության հսկողություն ունենանք։ Ես պնդում եմ սա։ Այս հարցում ճնշումներ կարող են լինել։ Ես մտադիր չեմ զիջել։ Խնդրի (Գազայում պատերազմի) ավարտը պահանջում է, որ ՀԱՄԱՍ-ի ոչնչացուման հաջորդ օրը այնտեղ մեկ այլ ՀԱՄԱՍ չկարողանա գլուխ բարձրացնել»,- հավելել է նա։