Ռուսաստանյան նավերի ջոկատը, որը բաղկացած է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի երկու խոշոր «Ադմիրալ Տրիբուց», «Ադմիրալ Պանտելեև» նավերից և «Պեչենգա» լցանավից, մտել է Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգիստ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, երկու նավերն էլ կառանել են նավահանգստում, որը համարվում է հարավասիական երկրի գլխավոր ծովային նավահանգիստը։
Ռուսաստանցի նավաստիները Բանգլադեշ են ժամանել վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ։
Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է Բանգլադեշում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մանտիցկին, ռուսաստանցի նավաստիների նախորդ այցը Բանգլադեշ եղել է 50 տարի առաջ՝ Չիտագոնգ նավահանգստի մաքրման և ականազերծման եզակի և ներկայումս քիչ հայտնի գործողությունն իրականացնելու նպատակով։
Նա նշել է, որ Դաքքան դիմել էր տարբեր երկրների՝ խնդրի լուծմանն օգնելու համար։ Նրանցից ոմանք համաձայնել էին, բայց մեծ գումարի դիմաց, ինչը հանրապետությունը չուներ։ Միայն ԽՍՀՄ-ն է համաձայնել օգնություն ցուցաբերել հումանիտար նկատառումներով։
Գործողությունը տևել է 1972 թվականի ապրիլից մինչև 1974 թվականի հունիսը։ 1 հազարից ավելի խորհրդային նավաստի 26 ամիս եռանդուն աշխատել է։ Ականազերծման ժամանակ ռուսաստանցի սուզորդ նավաստի է զոհվել։ Այն ժամանակ խորհրդային նավաստիները կատարեցին առաջադրանքը. Չիտագոնգը կարողացավ նավեր ընդունել ամբողջ աշխարհից:
Ինչպես նշել է Չիտագոնգում Ռուսաստանի Դաշնության պատվավոր հյուպատոս Աշիկ Իմրանը, այժմ ռուսաստանցի նավաստիները կրկին Չիտագոնգ են եկել, բայց այս անգամ բացառապես բարեկամական այցով։ «Սա վկայում է այն մասին, որ մեր երկու պետությունների հարաբերություններն այժմ գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»,- ասել է Իմրանը։




























