Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում անցած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը կարեւոր իրադարձություն էր եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների համար: Այս գագաթաժողովի կարեւորությունն ընդգծվում է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը աստիճանաբար ավելի ու ավելի կարեւոր հանգամանք է դառնում մեր տնտեսական զարգացման համար: Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» մամուլի ասուլիսում ասել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ «Եվրասիական փորձագիտական ակումբը եկող՝ 2024թ. մայիսին կնշի իր ստեղծման 10-ամյակը: Անցած տարիների ընթացքում ակումբի առաջատար փորձագետները կարեւոր եւ գնահատված հետազոտություններ են կատարել՝ ուսումնասիրելով եվրասիական ինտեգրման ոլորտում Հայաստանի ներուժն ու հնարավորությունները: Այդ տարիներին արվել են փորձագիտական երաշխավորություններ, որոնք պահանջված են եղել հայկական մեդիա դաշտի կողմից: Վերջին տարիների մեր մասնագետների կանխատեսումները Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ իրականացել են, ինչը նպաստել է Եվրասիական փորձագիտական ակումբի վարկանիշի բարձրացմանը մեր հասարակության մեջ:

2024թ. մայիսին լրանում է Եվրասիական տնտեսական միության տասնամյակը: Այս հիշարժան տարեթվի շրջանակներում սպասվում է, որ կընդունվեն ԵԱՏՄ հռչակագրեր ԵԱՏՄ հետագա զարգացման ուղենիշների մասին մինչեւ 2030 եւ մինչեւ 2045թթ.: Եվրասիական հնգյակի կառավարչական եւ փորձագիտական շրջանակներում այժմ ինտենսիվ գիտական փնտրտուք կա այդ հռչակագրերին հնչեղ բովանդակություն հաղորդելու նպատակով: Մենք՝ Հայաստանի եվրասիական ինտեգրման թեմաներով զբաղվող հետազոտողներն ու փորձագետներս, հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր նկատելի մասնակցությունը բերելու այդ կարեւոր փաստաթղթերի քննարկման, մշակման եւ ձեւակերպման գործընթացում»:

2024թ. Հայաստանը ստանձնում է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը: «Կարեւոր է ընդգծել, որ 2023թ. ԵԱՏՄ-ում նախագահող Ռուսաստանը շատ նկատելի միջոցառումներ իրականացրեց, խթանելու համար շահագրգռված հետաքրքրությունը ինտեգրացիոն թեմատիկայի վերաբերյալ: Այս տարվա ընթացքում մեր փորձագետները եւս հնարավորություն ունեցան արժեքավոր հետազոտություններ կատարել եւ ելույթներ ունենալ եվրասիական հարթակներում՝ նպաստելով մեր երկրի նկատմամբ հարգանքի եւ ուշադրության մեծացմանը, ինչպես նաեւ նպաստելով եվրասիական տարածքի գիտափորձագիտական հանրության հետ մեր կապերի ամրապնդման գործին: 2024թ. Հայաստանը կարող է նկատելի մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ միջազգային հետաքրքրության էլ ավելի մեծացման գործում՝ իր նախագահության ընթացքում նախաձեռնելով մի քանի խոշոր միջոցառումներ տարբեր երկրների բարձրակարգ և հարգված մասնագետների մասնակցությամբ: Կարեւոր է ընդունել եւ բարձրաձայնել այն անառարկելի ճշմարտությունը, որ մենք էական շահ և օգուտներ ունենք այս գործընթացին մասնակցելուց»,- նշել է Սաֆարյանը։