Թունիսի կայացած ընտրություններն իսկապես մեծ ոգեւորություն են առաջացրել այդ երկրի բնակիչների շրջանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թունիսի El Fejr թերթի թղթակից Ջալիլա Ֆրեդջը:

Ըստ նրա՝ մարդիկ առաջին անգամ հնարավորություն ստացան ընտրելու այն, ինչ ցանկանում են: «Փոփոխությունները շատ են, որպես օրինակ, ես մինչեւ հեղափոխությունը չէի կարող հիջաբով այցելել համալսարան: Մինչդեռ դա իմ իրավունքն է, ես ցանկանում եմ հիջաբ կրել, եւ այժմ ես կարող եմ այն կրել»,- հեղափոխությունից հետո ստեղծված հնարավորությունների եւ փոփոխությունների մասին խոսելիս՝ նշեց նա: Թունիսցի լրագրողի խոսքով բռնապետությունը տապալած երկրում այժմ իրավիճակը հանգիստ է, եւ նրանք պատրաստվում են տուրիստական նոր սեզոնին: «Մեզ մոտ այժմ իսկապես հանգիստ է եւ ապահով է: Տուրիստական բիզնեսը կրկին սկսել է վերականգնվել եւ նույնիսկ ավելի մեծ շրջանառություն է ձեռք բերել, քանի որ Թունիսը արաբական առաջին երկիրն էր, ձերբազատվեց բռնապետական իշխանությունից, եւ ազատության ազդակ տվեց արաբական մյուս երկրներին»,- նշեց Ջալիլան:

Անդրադառնալով նոր իշխանությունների բռնապետական դառնալու հնարավորության մասին հարցին թունիսցի լրագրողը նշեց, որ «մենք բոլորս էլ մահմեդական ենք, եւ սիրում ենք Իսլամը, եւ ով էլ, որ իշխանության գա, միեւնույն է չի կարող բռնապետ Բեն Ալիից ավելի վատը լինել»: 

Հիշեցնենք, որ Իրանում այժմ ընթանում է Մեդիայի եւ լրատվական գործակալությունների 18-րդ միջազգային ցուցահանդեսը: Մասնակից 56 երկրների թվում են նաեւ Թունիսն ու Հայաստանը: