Լոռիի մարզի Ագարակ համայնքում, հոկտեմբերի 30-ին, հերթական հրդեհի դեպքն է գրանցվել: Ժամը 20:14-ին Ստեփանավանի հրշեջ փրկարարական մաս ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում այրվում է չոր խոտի դեզ ու այն տեղադրված է երկհարկանի բնակելի տանը կից եւ անասնագոմից մոտ 1,5 մետր հեռավորության վրա: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ, քիչ անց օգնության է կանչվել եւս մեկ հրշեջ մեքենա:
Տեղում պարզվել է, որ այրվող խոտի դեզը կարող է բռնկել նաեւ բնակելի տունն ու անասնագոմը, որի տանիքին եւս խոտի դեզ կար, իսկ ներսում` անասուններ: Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ մայոր Արայիկ Ասատրյանը, NEWS.am-ի թղթակցին դեպքի վայրում հայտնեց. «Ըստ սահմանված կարգի, խոտի դեզերը պետք է տեղադրել բնակելի տներից առնվազն 50 մետր հեռավորության վրա, որպեսզի այսպիսի դեպքերում տան բռնկման վտանգ չլինի, բայց գյուղերում հիմնականում խոտը տեղավորում են անասնագոմի կամ 1-1,5 մետր հեռավորության վրա, որ անասուններին կերակրելը հեշտ լինի, կամ չզբաղեցնեն ավելի շատ տեղ տնամերձ տարածքներում»:: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 13 հրշեջներ, նրանց օգնել են նաեւ գյուղի բնակիչները:
Նշենք նաեւ, որ 2 օր առաջ Ագարակում չոր խոտի դեզի այրման եւս մեկ դեպք էր գրանցվել, 2 դեպքերն էլ, բնակիչների պնդմամբ, դիտավորյալ հրդեհում է եղել:











