Ես չգիտեմ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, երկրից հեռացել է, թե՝ ոչ։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Այն, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել, դա հիշում եք՝ ինչի հետևանքով տեղի ունեցավ, երբ նա հայտարարեց «Յուքոմ» ընկերության նկատմամբ իշխանության ճնշումների մասին։ Ես ակնկալիք չունեմ, որ իր մասով կլինի օբյեկտիվ քննություն։ Հետևաբար ես չեմ կարող իրեն խորհուրդ տալ, որպեսզի ներկայանա վարույթն իրականացնող մարմին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նրա նկատմամբ 2020 թվականի մայիսի 4-ից հայտարարվել է հետախուզում։











