Եվրախորհրդից 20 տարի պահանջվե՞ց՝ հասկանալու համար, որ ոչ հիմա, ոչ այն ժամանակ Ադրբեջանը կապ չուներ ժողովրդավարության հետ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Ինչո՞ւ 2000-ականների սկզբին Եվրախորհուրդն ընդունեց Ադրբեջանին իր մարմիններում, եթե այն ժամանակ Բաքուն չէր համապատասխանում չափանիշներին: 20 տարի նրանք ձևացնում էին, թե դիտարկում են ընտրությունները և զարգացնում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտը։ Նրանք իբր նախօրոք ընդունել են Ադրբեջանին, որը պետք է ժողովրդավարական դառնար։

Եվրոպային լծակներ են պետք, նա տեսնում է, որ Ադրբեջանն այժմ կարևոր երկիր է։ Ալիեւն էլ իր հերթին հասկանում է, որ բոլոր հարցերը, ի վերջո, լուծվելու են շահերի շրջանակներում։ Ադրբեջանն ու Թուրքիան խաղում են իրենց խաղը, և ոչ մի տեղ չեն գնում՝ ոչ դեպի Ռուսաստան, ոչ դեպի Արևմուտք։ Եվրախորհուրդը այն կառույցը չէ, որը կարող է իրական ճնշում գործադրել որեւէ երկրի վրա՝ ի տարբերություն Եվրամիության մարմինների։ Ինչո՞ւ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառում։ Որովհետև նրանք աշխատում են իրենց շահերի շրջանակներում»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով, Հայաստանում իշխող կուսակցության խոսակցությունները տարածաշրջանում հավերժական խաղաղության և ժողովրդավարության մասին ծիծաղելի են թվում:

«Նրանք կարծում են, որ այս տարածաշրջանում կարելի է մոդելավորել տնտեսական համագործակցության եվրոպական մոդելը, և Թուրքիան և Ադրբեջանը, ի պատասխան դրան, առաջ են քաշում իրենց պայմանները և սպասում են, որ Երևանը կատարի դրանք։

Եթե ​​դա տեղի չունենա, ապա հնարավոր է, որ նրանք դիմեն ռազմական սադրանքի, բայց ոչ հիմա, քանի որ կարծում են, որ իրենց ուզածին կարող են հասնել այլ ճանապարհներով։ Նրանք գիտեն, որ կա Փաշինյան, ով կատարում է իրենց գրեթե բոլոր պայմանները, բացառությամբ մի քանի կետերի, այն էլ՝ ներքաղաքական նկատառումներից ելնելով»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը պահպանելու միակ ճանապարհը պնդելն է, որ իրենք այնտեղ են, որպեսզի հայերը կարողանան վերադառնալ, որոնց անվտանգությունը Մոսկվան պնդում է, որ իրենք կապահովեն։

«Նրանք հույս ունեն, որ մինչև 2025 թվականը կլուծեն իրենց խնդիրները Ուկրաինայում»,- եզրափակեց փորձագետը։