Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ քննարկեցինք մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, նաեւ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը, առեւտրաշրջանառությունը, ինչպես նաեւ համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նաեւ տեղի ունեցավ իմ եւ Ադամովայի առանձնազրույցը, որի ընթացքում նույնպես քննարկեցինք տարածաշրջանային եւ մեր հարեւանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Մեր հյուրն այստեղից ուղեւորվելու է հարեւան երկիր եւ դևրա հետ կապված մենք նույնպես քննարկումներ ունեցանք:
Ես ողջունում եմ մեր գործընկերոջ այցը այստեղ: Ես տեղեկացա, որ առաջին անգամ չէ, որ մեր հյուրն այցելում է Հայաստան: Այստեղ տարիներ առաջ եղել է եւ արձանագրում է մեծ փոփոխություններ, որ տեղի են ունեցել:
Պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ մենք ձեւավորել ենք բավականին լավ միջանձնային հարաբերություններ, որի համար ես շնորհակալ եմ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:











