Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում. Մենք ականատես եղանք մի պետության սրընթաց փլուզման, որն ուներ իր ենթակառուցվածքները, համակարգը, իր լավ ու վատ կողմերը։ Ես վախենում եմ, որ Հայաստանը կարող է նույն կերպ փլուզվել։ 21-րդ դարում դա անհնարին է թվում, բայց այդպես փլուզվեցին Սիրիան ու Ուկրաինան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

«Եթե մենք ոչինչ չկարողացանք անել Արցախի հարցում, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ նույն կարգախոսները, նույն գաղափարները, նույն մարդիկ կարող են կանգնեցնել Հայաստանի փլուզումը։

Ինձ թվում է, որ մենք չենք կարող: Որպեսզի փոփոխություններ լինեն, պետք է փոխվենք մենք ինքներս, փոխենք ներքաղաքական պայքարի ձևաչափերը: Սահմանադրության, օրհներգի և զինանշանի փոփոխության օրակարգով գործող իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ բոլորը կանգնելու են ընտրության առաջ, և դա այլեւս հնարավոր չի լինի թաքցնել: Նրանք ասում են՝ հարեւանների պահանջով ստեղծում են նոր Հայաստան՝ անդեմ, անսկզբունքային, որը չպետք է հիշողություն ունենա ու բարձր նպատակներ հետապնդի։

Բայց ամեն ինչ չէ, որ անհույս է, անգամ Արցախի հարցում շատ բան կարելի է հետ բերել։ Ներկայիս վարչախումբը մնում է իշխանության միայն հասարակության անգործության հետըեւանքով, մինչդեռ երկրին անհրաժեշտ է իշխանափոխություն, պետք են նոր ուժեր, ն պետք է մոդերատոր, որը կարող է մի կողմ դնել անձնական ամբիցիաներն ու համախմբել հասարակությանը։ Նման մարդու անունը, եթե նա հայտնվի, ոսկե տառերով կգրվի Հայաստանի պատմության մեջ»,- նշեց նա։

Նրա գնահատմամբ, խաղաղության լուրջ պայմանագիրը ենթադրում է բոլոր հարցերի ներառում, իրական միջնորդների ներգրավում, հարևանների մասնակցություն, քանի որ տարածաշրջանի նոր կառուցվածքը չի կարող գծվել առանց Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի:

«Հայաստանը չի կարող ակնկալել, որ Ֆրանսիան կապահովի Սյունիքի անվտանգությունը, քանի որ Փարիզը դրա համար որևէ լծակ չունի։ Բայց դուք կարող եք խթանել իրական օրակարգը՝ Ֆրանսիայի և այլ երկրների հետ, որպեսզի այն իրական օգուտներ բերի: Արևմուտքը կարող է օգնել մեզ շատ հարցերում, սակայն անվտանգության ապահովման իրական աջակցությունը կարող է կապված լինել իրանա-ռուսական դաշինքի հետ»,- հավելել է փորձագետը։

Նրա խոսքով, հայ հասարակության համար տեղեկատվության միակ աղբյուրը Ալիեւն է դարձել, ով հստակ ձեւավորել է Ադրբեջանի նոր պահանջները։

«Մենք ապրում ենք մեկ օրվա, մեկ շաբաթվա հիման վրա, և ամեն անգամ զարմանում ենք նոր հայտարարություններով։ Թուրքիայի շնորհիվ Ադրբեջանը ձեռք է բերել երկարաժամկետ ռազմավարական մտածողության մշակույթ և, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, փոխում է իր հռետորաբանությունը։

Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պատմական սխալներ են թույլ տվել ու թույլ կտան, որոնց համար մենք վճարում ենք մարդկային ու տարածքային կորուստներով։ Անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հնարավորություն կար խուսափելու այն ամենից, ինչ տեղի ունեցավ: Ցանկացած երկրում այսքան սխալներ թույլ տված իշխանությունը վաղուց պետք է հեռանար։

Ալիեւը փայլուն է օգտագործում այդ սխալները: Նա արևմտյան հարթակներում ստացավ այն ամենը, ինչ կարող էր, այդ թվում՝ լռությունը Արցախի հայաթափման ժամանակաշրջանում։ Դրանից հետո պարզվեց, որ նա ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և կոչ է անում Արևմուտքին չմիջամտել տարածաշրջանային գործերին»,- ընդգծեց քաղաքագետը։

Հովհաննիսյանն անլուրջ է անվանել Ադրբեջանի հետ չհարձակման պայմանագիր ստորագրելու մասին Հայաստանի առաջարկը, քանի որ բոլոր պատերազմները սկսվել են հենց նման ակտերի ընդունումից հետո։