Ինչո՞ւ եք էլի շարունակում թարսուշիտակ հաշվարկներով քայլեր ձեռնարկել: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ դիմելով Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ գրիգորյանը:

«Օրինակ «կարմիր գծերի» ժամանակ ասում էին՝, որ դա կբերի բեռնաթափման, դուք շատ լավ հասկանում եք, որ առանց բեռնաթափման, եթե նույնիսկ 1000 նոր ավտոբուս գնեք, դուք չեք կարողանալու ապահովել երթեւեկության ժամկետները: Եթե  դա չի պահովվելու, դուք չեք կարող խոսել նորմալ տրանսպորտային համակարգ ունենալու մասին: Ձեր ամբողջ ելույթը  հիմնված է նրա վրամ, որ քանի որ «Գազելներից» անցել ենք նոր ավտոբուսների, ամեն ինչ ընտիր է, կարող ենք թանկացնել տրանսպորտը:

Դուք ունե՞ք ինֆորմացիա, թե որքան գումար է մուտք արվել անցած տարվա հունվարին կարմիր գծերից, եւ այս տարվա հունվարին: Երկրորդ, դուք ունե՞ք ինֆորմացիա, թե խցանումները կամ տրանսպորտի արագությունը որքանով է նվազել ի հաշիվ կարմիր գծերը թանկացնելու»,-ասաց նա:

Հայկ Գրիգորյանը նկատեց, որ նույնիսկ ամենազարգացած երկրներում տրանսպորտն ինքնարժեքով չի աշխատում, այն սուբսիդավորվում է, որովհետեւ տրանսպորտից օգտվում է ամենախոցելի խմբերը՝ ուսանողներ, թոշակառուներ. «Այստեղ հարցն այն է, որ եթե սուբսիդավորում ենք, պետք է 100 տոկոս վստահ լինենք, որ այդ գումարները վարորդը կամ տեխսպասարկում իրականացնողը չի գրպանում»,- ասաց նա:

Երեւանի տրանսպորտի առաջարկվող սակագների մասին կարող եք տեղեկանալ այստեղ: