Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին մտահոգում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահներ են տեղակայված։ Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս հարցը անհանգստացնում է ոչ միայն իրենց, այլեւ հայ հանրության մեծ մասին. «Այս հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումներ են ընթանում: Երբ որոշում լինի, բոլորս կիմանանք դրա մասին»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցին՝ ի՞նչ եղավ, որ իշխանության գտնվելու 6-րդ տարում միայն իրենց մտքով անցավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները «խնդիր» են, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս վեց տարիների ընթացքում շատ իրողություններ եղան։ Ոչ թե վեց տարում, այլ մի քանի տարվա ընթացքում։ Ուստի յուրաքանչյուր իրականություն պետք է ենթադրի որոշակի դատողություններ, գործողություններ և որոշումներ»։

Նա նաև ափսոսանք հայտնեց, որ ուշ են «հասկացել», որ ՀԱՊԿ-ը չի գործում։ «Սա նշանակում է, որ մենք պետք է գնանք և լուծենք խնդիրը»,- եզրափակեց ԱԺ խմբակցության քարտուղարը։