Տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը կապված են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու և այստեղ Իրանին իր դիրքերն ամրապնդել թույլ չտալու հետ, և դա համընկնում է Թուրքիայի շահերի հետ։

Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է APRI Armenia-ի հետազոտող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Միացյալ Նահանգները կարող է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ, բայց միայն՝ խոսքով: Ամերիկացի փորձագետները պարզաբանում են, որ ԱՄՆ-ը չի կարող աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ընդդեմ Վաշինգտոնի դաշնակից Թուրքիայի»,- նշել է փորձագետը։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասում Արևմուտքի գլխավոր գործընկերը Թուրքիան է։

«Միևնույն ժամանակ, եթե Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանից հայերին վտարելուն, ԱՄՆ-ը նման նպատակներ չի հետապնդում, նրա համար դա երկրորդական նշանակություն ունի։

Ադրբեջանը գրավել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ ԵՄ առաքելությունը դա շատ լավ տեսնում է, բայց ոչինչ չի ձեռնարկում։ Սա նշանակում է, որ տվյալ հարցը Եվրամիության համար կարմիր գիծ չէ»,- հավելել է Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ հենց որ Ռուսաստանի կողմից իր պարտականություններն ամբողջ ծավալով չկատարելու, ինչպես նաև Արևմուտքի երաշխիքները բացակայության պայմաններում  անվտանգության վակուում առաջանա, Ադրբեջանը և Թուրքիան անմիջապես կփորձեն լրացնել այդ վակուումը։ 

«Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ուղղված է նրան, որ շրջադարձ կատարի դեպի Արևմուտք, դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից և ինտեգրվի ԵՄ կառույցներին, սակայն տարածաշրջանի երկրները, և ոչ միայն Հայաստանը, տնտեսապես կապված են Ռուսաստանի հետ։

Ուստի Արեւմուտքին դիմելու համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ տանել եւ տնտեսական երաշխիքներ ստանալ։ Առանց դրանց տնտեսական կոլապսի ռիսկեր կլինեն»,- եզրափակեց փորձագետը։