Հայ ժողովուրդը կրկին կանգնած է Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանական գործողության վտանգի առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը։

«Մենք կարծում ենք, որ կա Ադրբեջանի կողմից ցեղասպանության շարունակականություն, և Լեմկինի ինստիտուտը համարում է, որ այս տարածաշրջանը գտնվում է ցեղասպանական գործընթացի մեջ, որն սկսվել է 2020-ին, նույնիսկ ավելի վաղ՝ 2016-ին։ Իսկ եթե հաշվի առնենք դրա հիմքում ընկած գաղափարախոսությունը, ապա այն սկիզբ է առնում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ իրականացված բռնի, մեծ Ցեղասպանությունից:

Այսպիսով, այս տարածաշրջանը շարունակում է լինել ցեղասպան գործընթացի մեջ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը ցեղասպան ռեժիմ է, և նա ստեղծել է ցեղասպան պետություն։

Ցեղասպան ռեժիմների և ցեղասպան պետությունների մասին մենք գիտենք հետևյալը՝ դրանք երբեք կանգ չեն առնում, քանի դեռ այդ նպատակով նրանց վրա ճնշում չի գործադրվում: Իսկ ճնշում բացարձակապես չի գործադրվել»,-ասաց նա:

Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյի խոսքով, Ադրբեջանը ցեղասպանություն իրագործեց արցախցիների նկատմամբ նախ շրջափակման միջոցով, իսկ հետո՝ հարձակմամբ Արցախի Հանրապետության վրա, ինչը հանգեցրեց ամբողջ բնակչության բռնի տեղահանմանը. «Մենք դա համարում ենք շատ հաջող իրականացված ցեղասպանություն՝ հարյուր տոկոս հաջողությամբ։ Դա ցեղասպանություն չէ, որը հնարավոր չէ չեղարկել, քանի որ մենք գիտենք, որ աշխարհն այժմ դեռ կարող է արձագանքել: Սակայն Իլհամ Ալիևը հիմա արդեն թիրախավորում է Հայաստանի Հանրապետությանը, որը միջազգային իրավունքով, ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան տարածք է։ Հետևաբար, այո՛, մենք համարում ենք, որ  Հայաստանը գտնվում է Ալիևի, նրա կողմնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի կողմից ցեղասպանության սպառնալիքի տակ»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության համարժեք արձագանքը ստեղծված իրավիճակին, Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրենը պատասխանեց. «Միջազգային հանրությունը պետք է անմիջապես պատժամիջոցներ կիրառի Ալիևի նկատմամբ և անմիջապես պատժի Ալիևի դաշնակից պետություններին՝ ցեղասպանության հնարավոր մեղսակցության համար։ Կարծում եմ, որ այժմ միանգամայն պարզ է, որ սա զուտ տարածքի համար տարածաշրջանային վեճ չէ: Հատկապես արևմտյան աշխարհը պետք է տեսնի, որ Իլհամ Ալիևը ցեղասպան բռնապետ է։ Նա ամբողջությամբ համակված է ցեղասպան հայատյացությամբ, մի բան, որը մենք չենք կարող հանդուրժել 21-րդ դարում։

Բացարձակ խելագարություն է, որ աշխարհը հանդուրժում է ցեղասպան հայատյացությունը այս ագրեսիվ ձևով, ինչպես դա արտահայտում է Ադրբեջանը։ Միջազգային հանրությունը պետք է անմիջապես պատժի նրան, որովհետև առանց ուժեղ ճնշման, որ նա փոխի իր ուղեգիծը և չշարունակի հայկական տարածքին սպառնալ, առանց այդ ուղեգիծը փոխելու նպատակով ճնշումներ գործադրելու, նա չի անի դա: Ադրբեջանը դա ապացուցել է արդեն»:

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում Ադրբեջանի և նրա դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական շահերը, նա արձագանքեց. «Այո՛, աշխարհաքաղաքական շահեր և ռեսուրսներին վերաբերող շահեր: Կարծում եմ, որ հենց դա է մինչ այս պահը հանգեցրել լռության, սակայն ինչ-որ պահի միջազգային հանրությունը և հատկապես արևմտյան տերություններն անխուսափելիորեն գիտակցելու են, որ ադրբեջանական ագրեսիան սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Շատ դժվար կլինի վերահսկել միջպետական պատերազմը միջազգայնորեն ճանաչված երկու ինքնիշխան պետությունների` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Շատ դժվար կլինի, պարզ չէ, թե ով կներքաշվի նման պատերազմում։ Նույնիսկ կարճատև պատերազմը կբորբոքի աշխարհաքաղաքական լարվածությունը, որն արդեն գոյություն ունի այս տարածաշրջանում և հեշտությամբ կարող է վերածվել ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի և նույնիսկ համաշխարհային հետևանքներով պատերազմի:

Իսրայելում և Պաղեստինում մենք արդեն ունենք այդպիսի պատերազմ, որը գլոբալ հետևանքներ է ունենում։ Միջազգային հանրությանը հաջողվել է որոշակիորեն զսպել դա, սակայն մենք տեսնում ենք, որ Իսրայելը մշտապես ճնշում է գործադրում, ընդլայնում է սահմաններն այն ամենի ինչը համարվում է վերահսկելի կամ կառավարելի: Եվ մենք նույն բանին ականատես կլինենք այստեղ՝ Հարավային Կովկասում: Եվ դա չի ծառայում որևէ մեկի շահերին։

Կարող են լինել աշխարհաքաղաքական մեծ շահեր և ռեսուրսային շահեր, որոնք պայմանավորում են արևմտյան աշխարհում տիրող այս լռությունը Արցախում կամ նույնիսկ այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում հայերի ճակատագրի վերաբերյալ, սակայն կարծում եմ, որ միգուցե արևմտյան աշխարհն արթնանում է և սկսում է գիտակցել այն լուրջ սպառնալիքը, որ Իլհամ Ալիևը ներկայացնում է միջազգային մակարդակով»: