Վաշինգտոնը և Բրյուսելը վերահաստատում են աջակցությունը հայ ժողովրդի  ժողովրդավարական, բարգավաճ ապագային: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.

«Տիկին նախագահ, շնորհակալություն, վարչապետ։ Ուրախ եմ Ձեզ տեսնել, Ժոզեպ:

Հարգելի վարչապետ, թույլ տվեք սկսել շնորհակալություն հայտնելով՝ Ձեր առաջնորդության և գործընկերության համար։ Դա շատ բան է նշանակում, և կարծում եմ, որ այն շատ ամուր հիմք է ստեղծում այն ամենի համար, թե ինչ կարող ենք միասին անել ապագայում:

Մենք այստեղ ենք՝ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և Հարավային Կովկասի ավելի ինտեգրված և խաղաղ տարածաշրջանի համար:

Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն և խաղաղ իր հարևանների հետ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն  ցանկանում են գործընկերներ լինել այդ ջանքերում, և ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը դրա վկայությունն է։ Մենք պետք է օգտագործենք հայ ժողովրդի և առաջնորդների ընտրության այս պահը»,-ասել է նա: