Ես խոսում եմ ոսկեպարցիների անունից, ոսկեպարցին «ոչ» է ասել միակողմանի զիջումներին։ Դա չի լինելու։ Այս մասին այսօր, ապրիլի 13-ին, Ոսկեպար գյուղի հանրահավաքում ասել է գյուղապետ Իշխան Աղբալյանը։
«Ես գիտեմ, որ ձեզ բոլորիդ հետաքրքրում է ոսկեպարցիների տեսակետը սահմանագծման եւ սահմանազատման հարցերի վերաբերյալ։
Երկար չեմ խոսի, որովհետեւ ցանկացած դպրոցական Ոսկեպարում կարող է պատասխան տալ, թե ինչպիսին են լինելու հետեւանքները»,- նշել է Աղբալյանը։
Նրա խոսքով՝ գյուղի բնակիչները «ոչ» են ասել իրենց շեմով սահմանի անցկացմանը։
«Այդ ոսկեպարցիներն են գծել այդ սահմանը եւ ցույց տվել, թե որտեղ է շփման գիծը, որտեղ կանգնած են մեր հերոս զինվորները։ Գնացեք եւ հաստատեք դա թղթի վրա։
Սիրելի ժողովուրդ։
Ոսկեպարցին կանգնել է, կանգուն է եւ կանգնելու է, մենք կռվել ենք նաեւ 1990-ականներին, եւ հաղթանակն այստեղից է սկսվելու... Կեցցե՛ ոսկեպարցին, կեցցե՛ Հայաստանը»,- ամփոփել է նա։











