Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված երթի մասին, որը մայիսի 9-ին կհասնի Երեւան:
Երբ լրագրողները ճշտեցին, որ նրանց պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը եւ միակողմանի զիջումները, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եվ հարձակվել Ադրբեջանի վրա՞: Ես քաղաքական գործիչ եմ, ես եւ մեր քաղաքացիները չենք լսել քաղաքական առաջարկ: Ես հարգանքով եմ վերաբերում բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել:
Եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, եւս ինչ-որ քայլով հարձակվելը, թող ջոկատներ կազմեն:
Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, Հայաստանը ֆիքսում է իր սահմանը եւ այդ գործընթաց շարունակվելու է: Այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր, իսկ այդ քարտեղներին եւ իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»:
Անդրադառնալով նրան, որ երթի մասնակիցների թիվը շատանում է, որը կարող է հանգեցնել իշխանափոխության, ԱԺ նախագահն ասաց. «Ես չգիտեմ՝ մասնակիցների թիվը շատանում է, թե ոչ, դրա վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չունեմ անելու: Թող շատանան, թող գան, իրենց ձայնը հնչեցնեն: Բայց Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրությունների միջոցով, որը տեղի է ունենալու 2026 թվականին»:
Երբ ԱԺ նախագահին հիշեցրին, որ իրենց իշխանությունը եւս ձեւավորվել է նմանատիպ շարժմն արդյունքում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այն ժմանակ ՀՀ իշխանությունը ձեւավորված չէր ընտրությունների միջոցով եւ Հայաստանի ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը, ընտրեց իր ցանկացած իշխանությունենրին: Դրանից հետո 2021-ին նորից գնաց ընտրությունների եւ ձեւավորեց իշխանություն: Հաջորդ իշխանությունները կարող են ձեւավորվել միայն ընտրությունների միջոցով:
Իրավիճակ փոխվում է ժամը մեկ, մեն մեկի տանը եւ գլխում, եւ ինքը մտածում է, որ իրավիճակ է փոխվում: Տենց իրավիճակ է փովում նաեւ այլ ուղղությանբ, բայց ես դրա մասին չեմ բարձրաձայնի: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է վերածվել համաժողովրդական ընդվզման, նա ասաց. «Ես որևէ բան չեմ բացառում, ասում եմ, երբ որ կլինի քաղաքական առաջարկ, քաղաքական գործընթաց... Չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է, չգիտեմ՝ մենք կրոնապետությո՞ւն ենք։ Ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը։ Երբ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ներկայացնի, ո՞րն է այդ առաջարկը»:
Հարցին՝ պատրա՞ստ է իշխանությունը ընդունել Բագրատ Սրբազանին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես ի՞նչ հարց ք տալիս: Ես բոլոր քաղաքացիներին էլ ընդունում եմ, ընդունելության ժամեր ունեմ կամ օգնականս է ընդունում»:











