Տեղեկատվությունը, որ Իրանը մինչեւ 2003թ. զբաղվել է միջուկային զենքի մշակման աշխատանքներով, արժանի է վստահության, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցի տեղեկատվությունն այն մասին, որ Իրանը միջուկային զենք է մշակում, արժանահավատ է: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, հայտարարել է գործակալության ղեկավար Յուկիյա Ամանոն` բացելով գործակալության կառավարման խորհրդի նիստը: Երկօրյա նիստի մասնակիցները քննարկում են ԱԷՄԳ-ի զեկույցը իրանական միջուկային խնդիրի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ամանոն հստակեցրել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի մշակման տեղեկատվությունը ԱԷՄԳ-ի փորձագետները հավաքել են տարեցտարի, տարբեր աղբյուրներից:
Իրանի միջուկային ծրագրի մասին զեկույցում, որի հատվածները նոյեմբերի 8-ին հայտնվել էին արեւմտյան լրատվամիջոցներում, ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանը մինչեւ 2003 թվականը
միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ է իրականացրել, եւ նման գործողություններ կարող են կատարվել նաեւ այսօր: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հերքել է զեկույցի եզրահանգումները` նշելով, որ դրանք անհիմն են:
Զեկույցից քաղվածքներ հայտնվելուց հետո (փաստաթղթի բաց տարածումը սահմանափակված է, քանի դեռ Խորհուրդը հատուկ որոշում չի կայացրել) ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան կոչ են արել խստացնել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Ռուսաստանը, իր հերթին, կարծում է, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիան, Գերմանիա) եւ Իրանի միջեւ բանակցությունների վերսկսման պայմաններ ստեղծելու դեպքում:




























